Տնտեսություն 

ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:

Մասնավորապես` համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս:

ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:

Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի կողմից համապատասխանության եզրակացություն ստացած «Սմարթ Սոլյուշնս», «Դոկտեխնիկ», «Իննթեք», «Տոչ-Մաստեր» և «Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս» ՍՊԸ-ների ներկայացուցիչները ներկայացրել են նաև շուկայի բարելավման ու ՀԴՄ-ների ներդրման գործընթացի պարզեցման առաջարկներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից