Հասարակություն 

Արագածի լեռնագոգին նախատեսվում է կառուցել լեռնադահուկային սպորտային համալիր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան այսօր հանդիպել են «Ռուցոգ ինվեստ» ներդրումային կազմակերպության հիմնադիր նախագահ Ռուբեն Գրիգորյանի հետ և քննարկել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կառուցելու ներդրումային առաջարկը:
Ներդրումային ծրագրով, ըստ ընկերության պատասխանատուների, նախատեսվում է Արագած և Վարդենուտ բնակավայրերում կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն՝ համապատասխան ենթակառուցվածքների առկայությամբ, Արագածի լեռնագոգին՝ Վարդենուտ համայնքի մոտակայքում կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային սպորտային համալիր, ինչպես նաև ամառային առողջարանային ենթակառուցվածքներ:
Խոսելով ծրագրի իրականացման պարագայում Ապարանի տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացման հեռանկարից՝ կառավարության անդամները կարևորեցին տեղի բնակչության զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը:
Ընկերության ղեկավարի խոսքով ներդրումային ծրագրի առաջնահերթ նպատակներից է հարակից համայնքների զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ զարգացնել տեղի աշխատուժի մասնագիտական կարողությունները՝ նրանց համար ստեղծելով աշխատեղեր ու հավելյալ եկամտի հնարավորություններ:
Կառավարության անդամները և Ընկերության նախագահը անդրադարձան նաև վերջին 1 տարվա ընթացքում ծրագրի հստակեցման ուղղված քայլերին, հատկապես կարևորվեց ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների համապատասխանեցման նպատակով նախարարությունների և ընկերության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքում արված հայեցակարգային լրամշակումները:
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել համատեղ աշխատանքը ծրագրի հստակեցման և իրականացման ուղղությամբ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից