Հասարակություն 

Ինչ ունեցվածքի տեր է Հայկ Սարգսյանը. հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ և վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած  իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց  հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։

Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։

Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։

Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաև կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։

Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռևս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաև ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սևանի կազմակերպությանը, այլև այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել և մի քանի տարբեր  դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի  ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից