Միջազգային Քաղաքականություն 

Չավուշօղլուն Լիբիայում հանդիպել է Թուրքիայի աջակցությունը վայելող ԱՀԿ-ի ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ

analitik.am

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Տրիպոլիում հանդիպել է Լիբիայի «ազգային համաձայնության կառավարության» ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մալթայի ԱԳ նախարար Էվարիստ Բարտոլոն։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քննարկվել են լիբիական հակամարտության վերջին զարգացումներն ու դրա քաղաքական լուծմանը հասնելու համար անհրաժեշտ քայլերը։

Եռակողմ հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկած Չավուշօղլուն տեղեկացրել է, որ թուրքական ու ռուսական կողմերը ԱԳ փոխնախարարների մակարդակով ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել քննարկումները լիբիական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ըստ Չավուշօղլուի՝ Եվրամիությունը պետք է իրական աջակցություն ցույց տա կարգավորման գործընթացին։

Չավուշօղլուն դատապարտել է նաև Լիբիային զենք մատակարարելու ամբարգոն վերահսկելու նպատակով Տրիպոլիի տարածքային ջրեր դիտորդական նավ ուղարկելու Գերմանիայի մտադրությունը։

«Եթե Գերմանիան կողմ դառնա, չեզոքությունը հօդս կցնդի։ Բեռլինի գագաթնաժողովն էլ կկորցնի իր լեգիտիմությունը»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն պնդել է, որ լիբիական հակամարտության մյուս կողմին՝ «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին էլ Եգիպտոսի ու Լիբիայի արևելյան կողմից են զենք ուղարկում և այդ ամենը չի դիտարկվում։

Հիշեցնենք, որ Թուրքիան բացահայտ կերպով միջամտում է Լիբիական հակամարտությանը՝ պաշտպանելով Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարաջի խնդրանքով Հաֆթերի զորքերի դեմ պայքարում ներգրավվելու համար Լիբիա է ուղարկել զենք-զինամթերք, ԱԹՍ-ներ, թուրք ռազմական հրահանգիչներ ու Սիրիայում իր կողմից ուղղորդվող ու վճարվող իսլամիստ ծայրահեղականներ։

ermenihaber

 

Նույն շարքից