Հասարակություն 

Լուսանկարը թույլ կտա հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունեցել հայ համայնքի վրա Բեյրութի պայթյունը

analitik.am

Գիտեմ, որ շատերը չեն պատկերացնում թե Բեյրութի պայթյունը կոնկրետ որտեղ է եղել և ինչ ազդեցություն է ունեցել հայ համայնքի վրա: Վերևի ձախ հատվածի խոշոր կլոր ու կարմիր կետը պայթյունի վայրն է: Կարմիր շրջանակի մեջ առնվածը ամենահայահոծ թաղերն են (Բուրջ Համմուդ, Հաճն, Մարաշ, Մար Միխայել, Աշրաֆիեհ, և այլն): Եթե ուշադիր նայեք կարմիր շրշանակի մեջտեղում կա մի վայր, որը կոչվում է Karantina: Այդ բառը գալիս է Quarantinne բառից: Հենց այդ շրջանում են տեղակայվել ու երկար տարիներ ապրել ջարդերից մազապուրզ եղած տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում նաև իմ 4 տարեկան պապիկը` Դանիել Աղան: Karantina-ում առաջին շինություններից, որոնք կառուցվել են հայերի կողմից, եղել են թիթեղյա եկեղեցին ու դպրոցը: Հետագայում, տնտեսական բարգավաճմանը զուգընթաց` հայերը Karantina-ից տեղափոխվել են մոտակա, ավելի բարեկեցիք թաղամասեր: Ահա թե ինչու է հայ համայնքն այդքան մոտ տեղակայված աղետի էպիկենտրոնին:

Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծայրահեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենացավալին ու վտանգավորն է: Այո, մարդկային կյանքի կորուստը ամենածանրն է, բայց նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուստը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների 40%-80%):

Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե լավ է, որ հայոց կառավարությունը շուտափութ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել փոքրիկ Դանիելին ու տասնյակ հազարավոր այլ հայերի: Մենք բախտավոր ենք, քանզի ունենք այդ պետականությունը:

Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատուց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել:

Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի Գործերով Հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը:

105 տարի անց մեր հերթն է եկել:

Վարուժան Ավետիքյան

Նույն շարքից