Գլխավոր Հասարակություն 

Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար, այդպես կլուծենք դեմոգրաֆիկական հարցը. Զարեհ Սինանյան

analitik.am

 

Այսօր՝ օգոստոսի 7-ին, կազմակերպված քննարկման ժամանակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, խոսելով լիբանանահայերի հնարավոր հայրենադարձության մասին, նշել է, թե Հայաստանի իշխանություններն արդեն հայտնել են, որ հայրենադարձությունը մեր երկրի ազգային անվտանգության ծրագրի մի մասն է. «Մենք հայրենադարձության շնորհիվ և հաշվին նպատակ ունենք Հայաստանի բնակչությունը զգալիորեն ավելացնել, ինչը փաստ է, գաղտնիք չէ որևէ մեկի համար»:

Մասնավորապես Լիբանանի մասով Սինանյանը նշել է, որ արդեն մինչ այս էլ հայրենադարձություն կար, վերջին 3 շաբաթվա ընթացքում 4 մարդատար ինքնաթիռ է եկել Հայաստան՝ մոտ 3 հարյուր հայրենադարձներով. «Մենք բոլորին ընդունում ենք, հաշվառում են: Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են մեկ ուղղությամբ տոմսերով, Հայաստանում բնակվելու: Նրանք անձինք են, ովքեր անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում, ունեն Հայաստանի քաղաքացիություն: Հայրենադարձությունն արդեն տեղի էր ունենում նույնիսկ կորոնավիրուսից առաջ»:

Սինանյանի խոսքերով, այս տարի Հայաստանի բուհերը պետք է պատրաստ լինեն ընդունելու մեծ քանակությամբ լիբանանահայ ուսանողների. «Մեզ այս ամենն ասվում էր, հասկանում էինք, իսկ այս արհավիրքն ամեն ինչն արագացրեց»:

Սինանյանը նաև նշել է, որ Հայաստանում այնպիսի իրականություն պետք է ստեղծվի, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը մեզ նման ազգերի համար հայրենիք դարձնելու մասին:

«Խոսքը վերաբերում է քրիստոնյա արաբներին, ասորիներին, այն ազգերին, ովքեր ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար ու կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում:

Նման խելացի, քաղաքակիրթ ձևով Հայաստանում կարող ենք դեմոգրաֆիկ հարցը լուծել: Դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ է, դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»:

 

Նույն շարքից