Հասարակություն 

Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են․Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են

Շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով «իրենցքայլական» պատգամավորին պատկանող «White shorja-ի» հարցին, փորձում է հերոսի կերպարի մեջ մտնել: Պարոնայք, հերիք չի՞ բրեժնևյան ջանասիրությամբ դուք ձերոնցով արհեստական խնդիրներ ստեղծեք, հետո «հերոսաբար» դրանք հաղթահարեք: Նախարարը հավաստիացնում է, որ Սևանը պոչամբար չէ: Գոնե դրա համար շնորհակալություն: Բայց մի բան չեք խառնու՞մ: Դու պետք է երաշխավորը լինես և հասարակությանը հավաստիացնես, որ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների արտահոսք չկա դեպի Սևանա լիճ, իսկ եթե այնուամենայնիվ կա, ապա աշխատանքներ տանես խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մեծ համոզմունքով օդում արձանագրես, որ լիճը պոչամբար չէ:

Նախարարն ասում է, որ ինքը հետևում է երկրում իր անմիջական պատասխանատվության տակ գտնվող ամենամեծ և ամենաթեժ զարգացումներին՝ Ամուլսարին: Պարոնայք, նույնիսկ ես ինձ այդպիսի ճոխություն թույլ տալ չեմ կարող: Ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի նախարարը հետևում է թիվ մեկ բնապահպանական հարցին: Ո՞նց է հետևում՝ լրատվամիջոցների ուղիղ եթերներներո՞վ, թե՞ ասենք՝ բնապահպան ներկայացող ագենտուրայի զեկուցագրերով: Պատկերացնու՞մ եք՝ Շրջակա միջավայրի նախարարը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ ունենալով խնդրո առնչությամբ զրո դիրքորոշում: Ինչի՞ն է հետևում կամ ասենք՝ արդյո՞ք գրոշի արժեք ունի այդ «հետևելը», եթե Շրջակա միջավայրի նախարարը նույնիսկ կարծիք չունի հարցի մասին:

Ինչ վերաբերում է «Դիլիջան ազգային պարկում» վարձակալության տրված 2 հեկտար հողատարածքին, որը պետք է օգտագործվի ծառատունկի համար, ապա դա նվազագույնը այս մարդկանց մասնագիտական գիտելիքների պակասից է, որ չգիտեն՝ ազգային պարկում խոշոր չափով ծառատունկը, մասնագիտական լեզվով ասած՝ ինտրադուկցիան, մեծ հավանականությամբ անդառնալի վնաս կարող է հասցնելու պարկի էկոհամակարգի մյուս բաղադրիչներին և փաստացի կարող է կանգնեցնել որոշ էնդեմիկ և Կարմիր գրքում հայտնված տեսակների կորստի փաստի առաջ:

Լրջացեք պարոնայք, մասնագետների հետ խոսեք, քննարկեք, լիկբեզի ենթարկվեք, ամոթ է իսկականից»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից