Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով։

Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։

Բացի այդ, ըստ ԿԳՄՍՆ նախարարի N-405-Ն հրամանի՝ ևս մեկ օտար լեզվի ընտրության հնարավորությամբ, աշակերտները կարող են սովորել ևս մեկ օտար լեզու։

Այս կերպ ապահովվում է հանրակրթության շրջանավարտների բազմալեզվության և միջմշակութային կարողունակությունների զարգացումը։

Բնագավառի շրջանակում մշակված առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը շեշտադրում են աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը։

Նախատեսվում է, որ օտար լեզուներով հաղորդակցությունը կօգնի աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով։

Ի տարբերություն նախորդի` նոր չափորոշիչը և օրինակելի ուսումնական ծրագրերը կառուցվել են՝

1.Հանրակրթության պետական չափորոշիչներում ներառված կարողունակությունների և կրթական աստիճանների համար նախատեսված վերջնարդյունքների հետ սերտ առնչությամբ:

2.Հիմնական գաղափարների առանցքի շուրջ ձևավորվող կրթության մոդելով՝ «Հաղորդակցում», «Մշակույթ», «Քննական և ստեղծարար մտածողություն» և «Ինքնություն» հիմնական գաղափարների հենքի վրա:

3.«Լեզուների իրազեկության եվրոպական շրջանակի» A1 – B2 մակարդակներին համահունչ․նախատեսվում է, որ հանրակրթության շրջանավարտը դպրոցը կավարտի B2 մակարդակի լեզվիմացությամբ:

4.Բոլոր լեզուների համար որդեգրվել է նույն` հաղորդակցական կարողությունների զարգացման և ինտեգրման մոտեցումը, ուստի նախկինում «Ռուսաց լեզու» դասընթացում «Литературное чтение»-ի հատվածական գրական նյութերն այժմ դիտվում են որպես նույն դասընթացի անքակտելի մասը:

Այդ նյութերը պետք է նպաստեն առաջարկվող թեմայի շրջանակում բանավոր և գրավոր խոսքի, քննական և ստեղծարար մտածողության կարողունակությունների զարգացմանը: