Քաղաքականություն 

Սորոսի հիմնադրամը քայլ-քայլ իրականացնում է երկու տարի առաջ իր հրապարակած ծրագիրը. 168.am

analitik.am

 

Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Այս մասին գրում է 168.am-ը:

«Հայեցակարգի վերնագիրն ինքնին արդեն զարհուրելի է, և երբ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրում ես այդ հայեցակարգ կոչվածը, հասկանում ես, որ կոնկրետ ուժեր, լրջագույն ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսների ներդրումների արդյունքում, քայլ առ քայլ իրականացնում են այն, ինչի համար աջակցել են 2018-ի իշխանափոխությանը և ինչի երաշխիքները ստացել են:

Կարճ ասած՝ եկել է քարերը հավաքելու ժամանակը:

Այս հրապարակմամբ կանդրադառնանք իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած՝ Սորոսի հիմնադրամի նկրտումներին:

Դատական իշխանության մասին

«Տարիներ շարունակ պետության զավթման հիմնական գործիքներից և բնութագրիչներից է եղել իշխանության երրորդ ճյուղի՝ դատարանների նկատմամբ ոչ իրավաչափ հսկողությունը: Դատավորների նկատմամբ վերահսկումն իրականացվել է նրանց նշանակման պահից:

Չնայած նրան, որ տարբեր ժամանակաշրջաններում գործել են դատավորների նշանակման տարբեր մեխանիզմներ, դրանք բոլորը մշակված են եղել այնպես, որպեսզի իշխող վարչախումբը կամ կուսակցությունը (նախկինում՝ նախագահի անունից, իսկ հետո՝ ձայների մեծամասնություն ունեցող կուսակցության) որոշի դատարանների կազմը:

Քաղաքական որոշումներով ընտրված և իրենց առաջխաղացման, ազատման և պատասխանատվության ենթարկվելու առումով խոցելի դատավորները մշտապես սպասարկել են իշխող ուժի շահերը, ի վիճակի չեն եղել իրականացնել արդարադատություն և անաչառ կերպով պաշտպանելու մարդու, այդ թվում՝ իրենց սեփական իրավունքները՝ իշխանության և դրան փոխկապակցված անձանց ոտնձգություններից:

Կոռուպցիայի բարձր մակարդակը դատարաններում նպաստել է հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ հանրության վստահության անկմանը»,- որպես նախաբան՝ նշված է համապատասխան գլխի սկզբում:

Հետայսու ընթերցողը «պետության զավթում» բառակապակցությունը կտեսնի շարունակ, և հենց սա է այս հայեցակարգը մշակողների ու նրանց ֆինանսավորողների հիմնավորման մեխը:

2 տարի առաջ գրված հայեցակարգից հետո 2 տարի անց, այսօր էլ Բաց հասարակությունների հիմնադրամից սնվող իրապաշտպանների ճնշող մեծամասնությունն օգտագործում է «պետության զավթում» արտահայտությունը՝ այսպիսով ուղիղ ասելով, որ իրենց ծրագիրը դեռ լիովին իրագործված չէ:

Հոգեցունց «բացահայտումներ» անելուց հետո այն մասին, որ հեղափոխությունը վերջապես տարանջատեց ու անկախություն նվիրեց իշխանության բոլոր ճյուղերին, հայեցակարգի հեղինակները նշում են՝ «Փաստորեն, հենց հեղափոխության շնորհիվ իշխանության  առանձին ճյուղի իրական կարգավիճակ ստացած դատական իշխանությունը չի ձևավորվել ոչ ժողովրդի և ոչ էլ ժողովրդի կողմից ձևավորված մարմինների կողմից»:

Այս ձևակերպմամբ հիմք է դրվում հետագա պետականաքանդ գործունեությունն արդարացնելու փորձերին:

«Եթե Հայաստանում գոյություն ունենար դատական իշխանություն, ապա չէին կեղծվի ընտրությունները, ինչը հանցագործություն է, այն կոծկելու նպատակով չէին կատարվի նոր հանցագործություններ՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումներ, ճնշումներ և հալածանքներ, այդ թվում՝ սպանություններ, և, վերջապես, չէին կայացվի դատարանների ապօրինի ակտեր՝ նախորդող հանցագործությունները պարտակելու նպատակով (այս, մասնավորապես՝ 2008թ.-ի մարտի 1-ի դատական ակտերի ապօրինության պատճառով արդեն կան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռներ): Հայաստանի հասարակության մեջ չկա գեթ մեկ անձ, որը կարող է պնդել, որ, եթե 2008թ.-ին գործող իշխանությունները 100 տոկոսանոց համոզմունք չունենային, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչելու է ընտրության արդյունքները, նրանք կկեղծեին ընտրությունները»,- գրված է սորոսականների հրապարակած հայեցակարգում:

Նկատենք, որ առ այսօր չկա դատական որևէ վճիռ, որ ընտրություն է կեղծվել, սակայն արդեն այս հատվածում մենք տեսնում ենք Սահմանադրական դատարանի (ՍԴ) հետ կապված նրանց նպատակները, ինչը և 2 տարի անց ահռելի ջանքերի գնով ու պետական ապարատի ողջ ներգրավվածությամբ ու օրենքների շրջանցմամբ, շատերի պնդմամբ՝ հանցագործություն կատարելու գնով՝ հաջողությամբ իրականացրին:

Իսկ թե ինչո՞վ էր ՍԴ-ի այս կազմը խանգարում հայտնի հիմնադրամին, կարծում ենք՝ գաղտնիք չէ. այս ՍԴ-ն ամուր պատնեշ է նրանց նպատակների իրականացման ճանապարհին:

Հաջորդիվ ներկայացվում են դատական բարեփոխումների մասով առաջարկները՝

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություն՝ սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով հանդերձ (հետագայում՝ նոր Սահմանադրության հետ միասին ընդունում)` ԲԴԽ-ի ընտրության կարգի, նոր դատարանների վերաբերյալ, անցումային դրույթների ընդունում` այն մասին, որ.

Ընդհանուր իրավասության դատարանների, վերաքննիչ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լիազորությունները դադարում են, օրինակ՝ 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից:

Կոռուպցիոն գործերով դատարանի մասին Դատական օրենսգրքի դրույթները ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից. ստեղծվում է Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարան (որը և դատական վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ, և արդարադատություն):

Ստեղծվում է ՀՀ Գերագույն դատարան ՝ որպես մեկ միասնական բարձրագույն դատական ատյան՝ առանց սահմանադրական արդարադատության հարցերով բարձրագույն դատական ատյանի արհեստական առանձնացման, քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և դրա նորմերը, գործելով անմիջականորեն, հանդիսանում են քրեական, քաղաքացիական և վարչական գործերով վարույթները կարգավորող օրենսդրության անքակտելի աղբյուրը (այս մարմնի անվանումները կարող են տարբեր լինել՝ Գերագույն դատարան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական Գերագույն դատարան, և այլն):

Վերաքննիչ դատարանում ստեղծվում է երկու պալատ՝ տեղական դատարանի որոշումների և առաջին ատյանի դատարանի դատավճիռների և որոշումների դեմ բերված բողոքների քննություն իրականացնելու համար:

Դատական օրենսգրքի այս դրույթներն ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից:

Առաջին ատյանի և տեղական դատարանների մասին Դատական օրենսգրքի դրույթներն ուժի մեջ են մտնում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից. ստեղծվում է ընդհանուր իրավասության դատարանի երկօղակ համակարգ, որտեղ՝ 1-ին օղակը՝ տեղական դատարանը, իրականացնում է դատական վերահսկողություն, այն է՝ քննում է բնակարանի խուզարկության, կալանավորման և այլ միջնորդությունները, քննիչների/դատախազների որոշումների և գործողությունների/անգործության դեմ բերված բողոքները, ինչպես նաև՝ ըստ էության՝ ոչ ծանր, այն է՝ առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ պատժվող հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 2-րդ օղակը՝ առաջին ատյանի դատարանը, միայն իրականացնում է արդարադատություն (գործի ըստ էության քննություն) ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով (5+)՝ բացառությամբ Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանին ընդդատյա գործերի:

Ուշադրություն՝ ըստ այդ հայեցակարգի՝ ձևավորվում է նոր Բարձրագույն դատական խորհուրդ դրա լեգիտիմության ապահովման նպատակով, ինչը և հաջողությամբ արեցին:

Բոլոր նկարագրված գործողությունների համար որպես վերջնաժամկետ սահմանվում է 2020թ. հունվարի 1-ը:

Նկատենք, որ նշված ծրագրի իրականացումը սրա հեղինակների համար հեշտ լուծելի հարց է թվացել, որովհետև 2020թ. հունվարի 1-ից բավականին ժամանակ է անցել, իսկ դրանցից շատերը դեռ իրագործված չեն, թեպետ իշխանությունների գործողությունների հաջորդականությունն ու հետևողականությունն այդ ծրագիրն ամեն կերպ կյանքի կոչելու մասին է խոսում:

Քրեակատարողական համակարգի վերաբերյալ

Ինչպես և ակնկալվում էր, քրեակատարողական համակարգի խնդիրներին անդրադառնալիս կարևորություն է տրվել սոցիալական կոնկրետ որոշակի խմբի շահերի պաշտպանությանը:

«Խնդիրներն առավել զգալի են ԼԳԲՏ մարդկանց և այլ խոցելի խմբերի համար, որոնք քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ենթարկվում են մեկուսացման և ստորացումների»,- նշված է այդ հայեցակարգում:

Ի թիվս այլ միջոցների՝ Բաց հասարակությունների հիմնադրամում վստահ են, որ անհրաժեշտ է.

Դադարեցնել մի շարք ՔԿՀ-ների, այդ թվում՝ «Նուբարաշեն», «Գորիս», շահագործումը, որոնց շենքային պայմանները հակամարդկային են, և դրանք այլևս հնարավոր չէ բարելավել վերանորոգմամբ:

Բարձրացնել ՔԿՀ-ների բուժսպասարկման որակն ու հասանելիությունը՝ ապահովելով բժիշկների անկախությունը, բուժսպասարկման որակը հավասարեցնելով քաղաքացիական բուժհաստատություններում տրամադրվող բժշկական ծառայությունների չափորոշիչներին և միաժամանակ սկսելով ՔԿՀ-ների բուժանձնակազմը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությանը փոխանցելու գործընթացը:

Զարգացնել վաղաժամկետ ազատման մեխանիզմը, որպեսզի ապահովվի վերջինիս արդյունավետ կիրառումը ցմահ ազատազրկված և մյուս դատապարտյալների համար: Այս նպատակով ՔԿՀ-ներում ներդնել սոցիալական ծառայությունների և անձի անհատական գնահատման համակարգ:

Կամայական մոտեցումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պրոբացիոն ծառայությունը դարձնել միակ մարմինը, որը դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հիման վրա դատարան կներկայացնի դատապարտյալին վաղաժամկետ ազատման նպատակահարմարության առթիվ իր խորհրդատվական զեկույցը, իսկ ՔԿՀ-ի եզրակացությունը (կամ տեղեկանքը) լինի պրոբացիոն ծառայության կողմից այդ գնահատումն իրականացնելու աղբյուրներից մեկը:

Վերացնել ՔԿՀ-ներում տիրող քրեական ենթամշակույթը և ազատազրկվածների հիերարխիկ հարաբերությունները, վերականգնել օրենքի գերակայությունը և վարչակազմի վերահսկողությունը բանտերում:

Անցկացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն քրեակատարողական հաստատություններում յուրաքանչյուր սպանության, ինքնասպանության, ինքնավնասման կամ մահվան գործով, ուսումնասիրել դրանց խորքային պատճառներն ու ներդնել վաղ կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ:

Փոխանցել պատժի կրման նկատմամբ հսկողության գործառույթը դատախազությունից դատարանների վերահսկողությանը:

Առհասարակ երկրում ընթացող դատաիրավական գործընթացին փոքրիշատե հետևող ցանկացած անձ ինքը կարող է տեսնել, թե նպատակներն ուր են տանում, և դրանցից որին է տրվել առաջնահերթություն իրականացման հրատապության տեսանկյունից»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից