Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Երեկ՝ օգոստոսի 7-ին, հանդիպել եմ մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ: Թաղամասի խնդիրներին քաջածանոթ էի դեռևս իմ վարչապետության տարիներից, և ժամանակին լուծում էր ստացել դրանց մի մասը միայն:
Նախագահական ընտրություններին նախորդած նախընտրական հանդիպման ժամանակ Աջափնյակի բնակիչներին խոստացել էի ընտրվելու պարագայում կրկին հանդիպել նրանց հետ և տեղում քննարկել առկա խնդիրների լուծումներն ըստ առաջնահերթությունների:
Խոստացածիս համաձայն՝ հանդիպումը կայացավ. լիազոր մարմինները տեղում ստացան առաջին հանձնարարականները: Այդ գործելաոճը տարածվելու է բոլոր համայնքների վրա: Ոչ մի խոստում օդում չի մնալու:
Արցախի բարեկեցիկ ապագան կառուցելու ենք մեր կամքի, աշխատանքի ու նախանշված ծրագրերի շնորհիվ»: