Քաղաքականություն 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ուղերձը

analitik.am

 

30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին։

Այդ հայտարարությամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը հաջորդած  30 տարիների  ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած և առաջնորդած, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի հետո, աշխարհաքաղաքական ծանրագույն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական ուժը։

Իր կազմակերպական ներկայությունն էր բացահայտում 1920-ին հաջորդող 70 տարիների ընթացքում աշխարհի ավելի քան 30 երկրներում հայկական ինքնության և արժեքների պահպանման, ազգային կյանքի կազմակերպման, օտար երկրներում հիմնադրած հայ մշակութային և կրթական հաստատությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ հայության համախմբումը ապահոված ազգային ուժը։ Հայրենիք էր վերադառնում Հայոց պահանջատիրության ձայնը բարձրացրած, օտար ափերում, տարաբնույթ պայմաններում Հայ դատի դրոշը պարզած ու մեր ազգային տեսլականն իր ամենօրյա գործունեությամբ աշխարհին ներկայացնող քաղաքական ուժը։

1988-ին, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի սկզբնավորումից ընդամենը ամիսներ անց ՀՅ Դաշնակցությունը որդեգրեց «Դեպի երկիր» կարգախոսը, որի ոգուն համահունչ ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի քան կես դար առաջ, բոլշևիկյան ամբողջատիրության ճնշումների հետևանքով լուծարված իր կազմակերպական կառույցի վերականգնման աշխատանքներին։

Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան՝ ամբողջությամբ գիտակցելով որպես քաղաքական կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում գործունեության ծավալելու բոլոր մարտահրավերները։ Միաժամանակ ակնհայտ էր նաև, որ խաղաղ ցույցերով և հանրահավաքներով հնարավոր չէ հասնել Արցախի հայության արդարացի պահանջի կատարմանն ու ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Եվ չնայած բոլոր արգելքներին, ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի հավաքական ներդման ու մասնակցության շնորհիվ կուսակցությունը ոչ միայն հաստատվեց Երկրում, այլև պատվով իրականացրեց իր առջև դրված խնդիրները։

Անցած 30 տարիների ընթացքում ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն անցավ Արցախյան պատերազմի բովով, մեր փառահեղ Հաղթանակի զոհասեղանին դնելով իր յուրաքանչյուր հինգ անդամներից մեկի կյանքը, իր ազգային ու գաղափարական սկզբունքների պաշտպանության համար ենթարկվեց քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների, հանուն պատմական արդարության, մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը որպես պետական ուղեգիծ որդեգրելով՝ համագործակցեց տարբեր քաղաքական ուժերի հետ, երկրի քաղաքական կյանքում արձանագրելով վերելքներ և վայրէջքներ։

Մեկ բան, սակայն, անհերքելի է. թե՛ համախոհների,  թե՛ հակառակորդների կողմից ՀՅ Դաշնակցության հայաստանյան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այսօր էլ ծանրակշիռ ներկայություն ու ազդեցություն ունեցող ազգային այն ուժն է, որն իր գաղափարական ու ծրագրային սկզբունքներին, արժեհամակարգին համապատասխան  քաղաքական օրակարգ է ձևավորում: Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի:

Հայոց պետականաշինության  անընդհատ շղթայում, աշխարհաքաղաքական և ներքաղաքական ամենաբարդ հոլովույթում իսկ,   մաս կազմելով ՀՅ Դաշնակցության համաշխարհային մեծ ընտանիքին, ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անում է և անելու է Հայոց պետության ու Հայրենիքի շուրջ հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր պետականությունը ամրապնդելու, մեր անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար:

ՀՅԴ առաքելությունն անժամկետ է, սկզբունքներն՝ անսակարկելի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Օգոստոս 8, 2020 թ.

ք. Երևան

 

Նույն շարքից