Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանը ցանկանում է միայնակ պարզել, թե արդյոք պայթյունը չի սկսվել ռումբից

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեքշաբթի օրը տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, չորրորդ օրը լինելով, հազարավոր լիբանանցիներ դուրս են գալիս բողոքի` ընդդեմ երկրի քաղաքական առաջնորդների: Որոշ հատվածներում գրանցվել են բախումներ ոստիկանության հետ, եւ վերջիններս պատասխանել են` արցունքաբեր գազ կիրառելով: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Չնայած կառավարությունը խոստցել է հայտնաբերել պայթյունի պատասխանատուներին, այստեղ կառավարության նկատմամբ անվստահությունը շարունակու է խորանալ: Տնտեսական ճգնաժամի ու արժույթի գնի անկման պատճառով այստեղ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից էին մարդիկ դուրս գալիս բողոքի:

Զայրացած ժողովուրդը աղետի գոտուց ստիպել է հեռանալ այստեղ ժամանած երկու նախարարների:

«Երեք օր ավերակները մաքրելուց ու մեր վերքերը լիզելուց հետո ժամանակն է, որ պայթի մեր զայրույթը, ժամանակն է, որ պատժենք նրանց»,- ասում են ցուցարարները:

Երկրի նախագահ Միշել Աունը մերժել է պայթյունի պատճառները հետաքննելու նպատակով միջազգային խումբ կազմելու առաջարկը: Նա ասել է, որ տեղի իշխանությունները պիտի պարզեն, թե արդյոք պայթյունը տեղի չի ունեցել «արտաքին միջամտության», օրինակ ռումբի պայթեցման արդյունքում:

Այս ընթացքում աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ ծրագրում են կիրակի օրը մասնակցել վիրտուալ վեհաժողովի: Դոնոր պետությունների այս վեհաժողովը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիան, որի գաղութն է ժամանակին եղել Լիբանանը, տնտեսական ամուր կապեր ունի այս երկրի հետ: Լիբանանը մարտ ամսին չէր կարողացել մարել իր պարտքը, սակայն նաեւ չէր ընդունել պարտքի ժամկետը երկարաձգելու համար այստեղ բարեփոխումներ անցկացնելու միջազգային վարկատուների պահանջը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից