Հասարակություն 

Պատգամավորներն իրենց պաշտոնները, պարգևավճարները շատ ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, իրենց ընտրողների, ժողովրդի խոսքը, իրավունքը. Կարապետյանց

Քիչ առաջ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկեցին բոլոր նրանց, ովքեր այստեղ ակցիա էին անում ի պաշտպանություն Ամուլսարի: Այստեղ է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ում այս անգամ բերման չենթարկեցին:

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանցը հիշեցրեց, որ նախորդ անգամ Կառավարության մոտ ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել նաև իրեն ու մյուս իրավապաշտպաններին, ինչը միջազգային աղմուկ բարձրացրեց. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ օրինական գործունեություն իրականացնող իրավապաշտպանին բերման ենթարկել: Այս անգամ հրահանգ են ստացել, դրա համար բերման չեն ենթարկում»:

Կարապետյանցի խոսքերով, հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պահանջում են չշահագործել Ամուլսարի հանքը, դրա փոխարեն որևէ բան չի արվում նրանց մասով, ովքեր օրինակ մի քանի օր առաջ կառավարության մոտ ակցիա էին անում՝ պահանջելով շահագործել հանքը:

Իրավապաշտպանը նշեց, որ այսօրվա իշխանությունները ամենավատ ավանդույթներն են վերցրել նախկիններից. «Ամենատխուրն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում նույն Ազգային ժողովի լռության ներքո: Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի 40-50 տոկոսը կլիներ մեր կողքին: Այսօր իրենք իրենց պաշտոնները, պարգևավճարները շատ ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, իրենց ընտրողների, ժողովրդի խոսքը, իրավունքը:

Մենք պատգամավորներին չենք ընտրել կառավարությանը հլու հնազանդ ենթարկվելու համար, մենք նրանց ընտրել ենք մեր՝ բոլորի, իրավունքները պաշտպանելու համար»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից