Հասարակություն 

Նոր ուսումնական տարում ներառական կրթությանը հարմարեցված դպրոցների թիվը կհամալրվի 9-ով

analitik.am

ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրով այս տարի Սյունիքի մարզում վերանորոգվել է 9 հանրակրթական դպրոց և 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպատնտեսական վարչության գույքի կառավարման բաժնի պետ Մասիս Աղայանցը։

«Մանկավարժհոգեբանական աջակցության կենտրոնը գտնվում է Գորիսում։ Սյունիքում այդ կենտրոնն ու դպրոցները վերանորոգվել են և հարմրցեվել են ներառական կրթության կարիք ունեցող աշակերտների հաար։ Կապանի թիվ 3, 5, 6, 10, 13, Գորիսի թիվ 2, Սիսիանի թիվ 4 հիմնական, ինչպես նաև Շինուհայրի և Շաքիի միջնակարգ դպրոցներում կառուցվել են թեքահարթակներ, վերանորոգվել են սանհանգույցները, ինչպես նաև 1-ական դասասենյակներ են ստեղծվել կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։ Այս դպրոցները 2020-2021 ուսումնական տարում արդեն վերանորոգված վիճակում կհանձնվեն շահագործման»,- նշեց Աղայանցը։

Նրա խոսքով՝ հանրապետությունում աշխատանքներ են տարվում նաև այլ մարզերում, որպեսզի ներառական կրթություն ստացող աշակերտների համար մի շարք դպրոցներ հարմարցեվեն։

«Ամբողջ Հայաստանում՝ 30 դպրոցում, այդ աշխատանքները տարվելու են՝ իրականացվելու է արդիականացում, տանիքներն են փոխվելու կամ վերանորոգվելու, սանհանգույցներն են հարմարեցվելու, նոր մարզադահլիճներ են կառուցվելու։ Սյունիքի մարզում վերանորոգվելու են Քաջարանի թիվ 5, Սպանդարյան գյուղի միջնակարգ դպրոցը, Տեղ գյուղի թիվ 1 հիմնական, Կապանի թիվ 12 հիմնական, Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցները, Սիսիանի թիվ 5, 2, 1 հիմնական, Արմավիրի մարզում՝ Արմավիրի թիվ 6, 8 հիմնական, Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցները, Վաղարշապատի թիվ 7, 12 հիմնական, Երևանի թիվ 1, 63, 80, 86, 136, 145, 151, 156, 163, 172, 199 հիմնական, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, Վայոց Ձորի մարզում՝ Արենիի հիմնական դպրոցը, Շատինի միջնակարգ դպրոցը, Վայքի հիմնական դպրոցը, Զառիթափի միջնակարգ դպրոցը և Լոռու մարզում՝ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը»,- նշեց Աղայանցը։

Նա նաև ընդգծեց, որ հանրապետության ողջ տարածքում 57 ուսումնական և մշակութային կառույցների վերանորոգումը կազմակերպելու համար իրականացվել են մրցույթներ։ Աշխատանքները շուտով կսկսվեն։

Նույն շարքից