Հասարակություն 

Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի միմիայն 17 տեղամասերից․ Շրջակա միջավայրի նախարարություն

analitik.am

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս մասին նախարարությունից հայտնում են, որ պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ, խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։

Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի նախագծում նշված ՄԻՄԻԱՅՆ 17 տեղամասերից, որոնք գտնվելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անմիջական և խիստ հսկողության ներքո։

Ձկան արդյունագործական փորձարարական որսի նոր կարգի համաձայն, այս պահին ընթանում են ձկնորսների հայտերի ընդունման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և կոչ է անում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիներին դիմել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ ՝ համապատասխան պայմանագիր կնքելու, փաստաթղթերն ստանալու և օրենքով սահմանված կարգով ձկան արդյունագործական որս իրականացնելու համար։

Փորձարարական ծրագրի մեկնարկի պահից Սևանա լճում առանց համապատասխան պայմանագրի իրականացվող արդյունագործական ձկնորսությունը համարվելու է իրավախախտում։

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից այս պահին իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ օրենքով սահմանված, Սևանի ափամերձ ավազանի 17 տեղամասերի կահավորման և անհրաժեշտ տեխնիկայով զինման աշխատանքների ուղղությամբ։

Սեղմ ժամկետներում, հանրային լայն իրազեկման միջոցով նախարարությունն ավելի մանրամասն կտեղեկացնի աշխատանքների մեկնարկի և ընթացքի մասին։

Հավելենք նաև, որ որոշման համաձայն, շուտով Սևանա լճում ձկների արդյունագործական որսը թույլ կտրվի իրականացնել օրվա միմիայն լուսային ժամերին։

Այսպիսով՝ սահմանվում են ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Հարկ է փաստել, որ օրենքի կիրարկման հիմնական նպատակը ձկնորսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչության գործունեությունը արգելելը կամ խոչընդոտելը չէ, այլ դաշտը կանոնակարգելն ու համակարգելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել Սևանա լճում կենսապաշարների կայուն և արդյունավետ կառավարումը, բարելավել և զարգացնել տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և արդյունավետ պայքարել օրենքից դուրս գործող անձանց կամ խմբերի ապօրինի գործունեության դեմ։

Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, քանի որ լիճը ոչ միայն բնության յուրօրինակ հուշարձան է, այլ մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող անգնահատելի օբյեկտ։

Նույն շարքից