Հասարակություն 

ՍԱՏՄ-ն կասեցրել է Գորիսի հյուրանոցների գործունեությունը. լայնածավալ ստուգայցեր՝ մի շարք հյուրանոցներում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում եւ հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սեւանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի եւ Երեւանի հյուրանոցներում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաեւ բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում եւ հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։

Միաժամանակ Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Իրականացվել է նաեւ 48-ժամյա կասեցում Էջմիածնում գործող մեկ տնտեսավարողի նկատմամբ։

Վերջին շրջանում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաեւ կարի արտադրությունները։ Դրանցից Գյումրիում գործող մի քանիսը կրկին դիտարկվել են։

Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են հրուշակեղենի եւ պահածոների խոշոր արտադրություններում, Երեւանի Մետրոպոլիտեի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում եւ ոչ միայն։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները՝ արտադրամասերում, խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերություններում:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից