Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը կրկին շրջանցել է Ամուլսարի թեման. Մեդիա Պաշտպան

Հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 10-ին լուրերի գլխավոր թողարկմանն Ազգային ժողովի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստների ակցիային անդրադարձել է մեկ տողով, առանց կադրերի՝ ընդամենը նշելով, որ ՄԻՊ-ի թեժ գծին դեպքի առնչությամբ բազմաթիվ զանգեր են ստացվել։

Չնայած Ամուլսարի պաշտպանների խաղաղ բողոքի ակցիային, ոստիկանները նրանց բերման ենթարկեցին։ Ակտիվիստները ցանկանում էին հանդիպել և զրուցել իշխանական պատգամավորների հետ, սակայն որևէ մեկը նրանց չհանդիպեց։

Դարձյալ բոլոր հեռուստաընկերություններն անդրադարձել են իրադարձությանը բացի Հանրային հեռուստաընկերությունից։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվամիջոցի նման գործելաոճը։ Կրկին հիշեցնում ենք՝ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է հանրային միջոցներից և պարտավոր է անդրադառնալ հանրային հնչեղություն ունեցող իրադարձություններին։

Նշենք, որ օրվա այս կարևոր պատահարներից մեկը Հանրայինը շրջանցել էր, մինչդեռ ռեպորտաժ էր պատրաստել՝ «Մասնավորեցման խնդրահարույց պատմություններ անցյալից» վերնագրով։ Կոչ ենք անում Հանրային հեռուստաընկերությանը հանրային շահը վեր դասել քաղաքական նախապատվություններից։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից