Քաղաքականություն 

Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձի բացասական արձագանքներին

analitik.am

 

Հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 11-ի լուրերի թողարկումներում չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին։

Նիկոլ Փաշինյանի քայլն անհասկանալի ու աբսուրդ են համարում շատ իրավապաշտպաններ, այդ թվում նրան մշտապես աջակցող:

Ընդդիմադիրները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապել, մինչդեռ իշխանական պատգամավորներն ու վարչապետի խոսնակը նպատակահարմար չեն համարում մեկնաբանելու աղմուկ բարձրացրած այս քայլը։

Հանրայինի Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժում չի նշվում, որ հետընտրական բազմահազարանոց ցույցերի ընթացքում 3000-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են, լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների նկատմամբ ճնշումներ են կիրառվել, ժողովուրդը չի հավատում ընտրության արդյունքներին և չի ուզում, որ 6-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձի 26 տարի պաշտոնավարած Լուկաշենկոն։

Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալով մեկ մարդ է զոհվել։

Ընդդիմադիրներ պնդում են, որ այս ամենի ֆոնին շնորհավորողների ցանկում Հայաստանն առաջինն էր և տարակուսելի է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է արդար ընտրությունների, ժողովրդի ձայնը հաշվի առնելու մասին։

Նման քայլը հակասում է Փաշինյանի հռչակած հեղափոխական արժեքներին, վարչապետին մեղադրում են երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ։

Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը, սակայն, չի անդրադարձել այս արձագանքներին և շրջանցել է հանրային հնչեղություն ստացած իրադարձությունը՝ իշխանություններին հաճոյանալու համար։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից