Գլխավոր Տեսանյութեր Տնտեսություն 

Իշխանության ներկայացուցչի քմահաճույքի պատճառով գործարանը փակվում է. Տեսանյութ

analitik.am

 

«ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում է գտնվում: Տարածաշրջանում միակ պահածոների գործարանն է, որի աշխարհագրությունը, սակայն, առավել ընդգրկուն է. այստեղ իրացնում են իրենց գյուղմթերքը ոչ միայն Մարտունու տարածաշրջանի բնակիչները, այլ նույնիսկ հեռավոր Տավուշի մարզից՝ Նոյեմբերյանից, Իջևանից, անգամ Արարատյան դաշտից են գյուղատնտեսներն իրենց մշակած գյուղմթերքը բերում «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ»։

Սակայն արդեն 12 օր է, ինչ աշխատանքի եռուն սեզոնին տարածաշրջանում միակ պահածոների գործարանը, որն, ի դեպ, անխափան գործել է 2013-ից, հիմա չի աշխատում: Ավելի ճիշտ՝ թույլ չեն տալիս աշխատել: Օգոստոսի 1-ից գործարանի երկու արտադրամասերի աշխատանքը դադարեցվել է:

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի համայնքի ներկայիս ղեկավար Տիգրան Մուրադյանը պաշտոնը ստանձնել է 2018-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում:

Թեև Մուրադյանը նախկինում էլ է հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին, սակայն պարտվել է Արտուշ Ղուկասյանի եղբորը: Մուրադյանին հաջողվել է համայնքապետ ընտրվել, երբ «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի համասեփականատեր Արտուշ Ղուկասյանի գյուղապետ եղբայրն առողջական լուրջ խնդիրների պատճառով աշխատանքից ազատվել և մեկնել է արտերկիր՝ բուժման:

Տիգրան Մուրադյանը համայնքի ավագանու կազմում է եղել 2012-2016թթ.:

Գեղարքունիքի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք նաև որ, հիշյալ Տիգրան Մուրադյանը 2006-2012 թթ սովորել և ավարտել է Երևանի Գլաձոր կառավարման համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը՝ ստանալով ֆինանսիստի բակալավրի որակավորում:

Ինչ վերաբերում է Մուրադյանի աշխատանքային գործունեությանը, ապա վերջինս 2 տարի աշխատել է «Գառանտ կրեդիտ» ՍՊԸ-ում որպես վարկային մասնագետ, իսկ 1 տարի էլ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես գլխավոր հաշվապահ:

Գուցե վարչական աշխատանքի համապատասխան փորձի պակասն է պատճառը, որ գյուղապետ Մուրադյանը, վերազանցելով լիազորությունները, կամայական որոշումներ է ընդունում: Թերևս Մուրադյանը տեղյակ չէ արտադրական գործունեություն իրականացնող ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու օրենքով սահմանված կարգին ու միջոցներին, երբ բավական չէ ասելը «ես թույլ չեմ տալիս» կամ թե՝ «ես եմ որոշում»:

Արտուշ Ղուկասյանը դիտավորություն է տեսնում համայնքի ղեկավարի կողմից և պնդում, որ վերջինս հարցը քաղաքականացրել է՝ անձնական վրեժ հետապնդելով, հատկապես, որ գյուղապետ Մուրադյանը, իշխանության գալով, տարբեր փորձել է քրեական գործեր հարուցել Ղուկասյանների ընտանիքի անդամների նկատմամբ:

Արտուշ Ղուկասյանի խոսքով՝ գյուղապետը նույնիսկ սադրանքներ է հրահրել, որոնցից մեկի արդյունքում քրեական գործ է հարուցվել իրենց  ընտանիքի անդամների և նույնիսկ մի քանի ազգականների նկատմամբ:

Ամեն գնով գործարանը փակելու համար ջանքեր չխնայող գյուղապետը պատճառաբանում է, թե գործարանի կոյուղաջրերը լցվում են ոռոգման առվի մեջ:

Այնինչ, սեփականատերերի խոսքով՝ գործարանից դուրս է հոսում երկու տեսակ ջուր. կոյուղաջրեր և պահածոյացվող մթերքն ու տարրաները լվացնող ջուրը:

Կոյուղաջրերի համար գործում են նորմատիվներով սահմանված, շինության նախագծով նախատեսված 2 սեպտիկ հորեր: Պահածոյացվող մթերքն ու տարրաները լվացնող ջուրն է, որ հոսում է շահարկվող առուն: Ամսվա մեջ երկու անգամ էլ ախտահանում են արտադրամասը:

Ահա այս ջրերին է խառնվում նաև բարձր ջերմաստիճանում պահածոների մանրէազերծող ավտոկլավը հովացնող ջուրը: Էկոլոգիապես անվտանգ ջուր է, վստահեցնում է արտադրողը, նրա խոսքով՝ 7 տարի շարունակ այդ ջրով հողամասեր են ոռոգվել:

Համայնքի ղեկավարին հաջողվել է 4 հոգու ստորագրություն ներկայացնել, ովքեր վնասակար են համարում գործարանային ջրերի առուն լցվելը: Մինչդեռ Ղուկասյանները հավաքել են շուրջ 60 համագյուղացիների ստորագրություն՝ ովքեր չեն առարկում, որ մինչև հիմա օգտագործած գործարանային ջրերը շարունակեն հոսել նույն առվով:

Համայնքում 30 մշտական և շուրջ 250 օժանդակ աշխատատեղեր ապահովող պահածոների գործարանը պետական աջակցություն, սուբսիդավորում կամ վարկավորում չի փնտրում.

«Մենք խնդրում ենք թույլ տալ մեզ աշխատել,- ասում են գործարանի սեփականատերերը,-հատկապես այսօր, երբ յուրաքանչյուր նոր աշխատատեղ բացելը ձեռքբերում է մեր կառավարության, վարչապետի համար, իսկ այստեղ՝ Մարտունու հեռավոր մի գյուղում գործող արտադրությունը կասեցնում են, աշխատատեղերը փակում»:

Մինչ մարզպետարան և մարզային ոստիկանություն հասցեագրած դիմումները կուսումնասիրվեն, գործին ընթացք կտրվի՝ շուրջ 3 միլիոն դրամի մթերված գյուղատնտեսական ապրանքը փչանում է…

Փաստորեն, «հինն ու նորը», «նախկինների ու ներկաների», «սևերի ու սպիտակների» բաժանումն այս դեպքում քաղաքացիներին աշխատատեղերի կորուստ արժեցավ, գործատուներին էլ՝ նյութական վնաս…

Ավելին՝ տեսանյութում։

Տեսանյութում օգտագործվել են նաև արխիվային կադրեր «Քյավառ»  հեռուստաընկերությունից։

Նույն շարքից