Հասարակություն 

Սևանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

analitik.am

 

Սեւանցի ծանրորդուհին Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում։

Սեւանի՝ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական հերթական առաջնությունում:

Հաղթանակից հետո, ինչպես տեղեկացրեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ընդունել եւ խրախուսել է ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանին ու նրա մարզիչ Գառնիկ Աբրահամյանին: Համայնքի ղեկավարը նրանց արժանացրել է պարգեւի եւ հատուկ ուշադրության:

«2020 թվականը ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանի համար դարձավ վճռորոշ. նախ` փետրվար ամսին ՀՀ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում նա ցուցաբերեց մարզական եւ կամային լավագույն որակներ, որի արդյունքում 59 կիլոգրամ քաշային կարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը:

Իսկ հուլիս ամսին նա գրանցեց եւս մեկ մարզական նշանակալից հաղթանակ` դառնալով ՀՀ պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնության չեմպիոն: Ամառվա հերթական առաջնությունը կայացավ օգոստոսի 3-ին:

Ալինան գլխավորեց Հայաստանի երիտասարդների առաջնության լավագույն եռյակը` ցույց տալով երկամարտի 130 կգ արդյունք:

Չնայած կորոնավիրուսի համավարակին եւ արտակարգ դրության պայմաններին` Ալինան չի կորցրել մարզական տեմպը, մշտապես գտնվել է պարապմունքների մեջ, որոնք էլ դարձել են ցանկալի ու սպասված հաղթանակների նախապայմանը:

Ինչպես նշում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքն այս անգամ էլ տվեց ցանկալի արդյունք` համայնք բերելով հերթական ոսկե մեդալը:

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով մարզիկին, եւս մեկ անգամ կարեւորեց երեխաների եւ պատանիների շրջանում մարզական ակտիվ կյանքի ներկայությունը:

Ալինա Սուքիասյանն ընդգրկված է ՀՀ հավաքականի կազմում եւ առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը` իր համար հարթելով մարզական նվաճումների մի նոր աստիճան»,-ներկայացրեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Նույն շարքից