Տնտեսություն 

Հաստատվեց հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը. աջակցություն` գինեգործներին ու կոնյակագործներին

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 13-ին ընդունել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։

Քսաներեքերորդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։

Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոս անկում։

Ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը  նշել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների վրա։ Ըստ վերջին ամիսների տվյալների՝ այդ ոլորտների ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կրչատվել են ավելի քան երկու աանգամ։

«Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մի քանի քննարկումները պարզել են, որ կազմակերպությունների մոտ ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է։ Այս աջակցությության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը», - ասել է էկոնոմիկայի նախարարը։

Զբոսաշրջության ոլորտին աջակցելու նպատակով Կառավարության որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին․

55 – Կացության կազմակերպում,

56 – Հանրային սննդի կազմակերպում,

79 – Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ,

87․1 – Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։

Նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի և աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։

Կառավարության այս որոշման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածն ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։

 

Նույն շարքից