Հասարակություն 

Նիկոլ Դումանի տուն-թանգարանում Աննա Հակոբյանը «Ժենգյալով հաց» է թխել. Նիկոլ Փաշինյանի տիկնոջ նոր նախաձեռնության մասին

analitik.am

 

Այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia»,  «Armenia Love» հեշթեգերով Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում հնարավոր կլինի հանդիպել ավելի հաճախ։

Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։

Արշավի առաջին կանգառը Արցախն է։

Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցախը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։

«Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար «ազատ Արցախ» հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։

Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան»,- ասաց Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցախի Դադիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող «Տաք ջուր» զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարան, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։

«Արշավի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու Արցախը որպես հանգստի լավագույն վայր, որտեղ հնարավոր է հանգստանալ բնության գրկում, այցելել տեսարժան վայրեր, վայելել համեղ խոհանոցը։

Հատկանշական է, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում վարչապետի տիկինը արցախյան խոհանոցի զարդը համարվող «Ժենգյալով հաց» է թխել արցախցի Վալյա տատիկի հետ միասին։ Իսկ Շուշի գորգերի թանգարանի լուսանկարներում ներկայացված են արցախյան գորգերի ողջ գեղեցկությունը, պատմական արժեքն ու կարևորությունը»։

Հասմիկ Հարությունյանը նշում է, որ արշավը վաղուց էին ծրագրում իրականացնել, սակայն մեկնարկը համընկավ հենց համավարակի տարածման շրջանի հետ։

«Համավարակը մարտահրավեր է յուրաքանչյուր երկրի համար և մեծ վնաս է հասցնում հատկապես զբոսաշրջությանը։ Շատերը չգիտեն, թե մեր երկրում որքան գեղեցիկ վայրեր կան, պատմական արժեքներ կան։ Ցավոք, բայց մեզանից շատերը այդքան էլ լավ չեն ճանաչում մեր հայրենիքի թաքնված անկյունները։ Արշավի նպատակն է աջակցել զբոսաշրջությանը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն հայրենիքում, իսկ սահմանները բացվելուց հետո նաև օտարերկրացի զբոսաշրջիկները վայելերն մեր երկրի գեղեցկությունն ու յուրահատկությունը»։

Հարությունյանը շեշտում է, որ «Հանգստացիր Հայաստանում» արշավի շրջանակում էլ Աննա Հակոբյանը հավատարիմ է մնալու իր որդեգրած սկզբունքին և կրելու է բացառապես հայկական արտադրության հագուստ և զարդեր։

«Այս արշավի ծրագրման ժամանակ մեզ նաև ոգեշնչեց մեր մեկ այլ նախաձեռնության հաջող ընթացքը։ Արդեն երկու տարի է վարչապետի տիկինը «Արտադրված է Հայաստանում», «Կրենք հայկականը» հեշթեգերով արշավ է իրականացնում և ներկայացնում հայ դիզայներների աշխատանքը։ Բազմաթիվ դիզայներներ նշել են, որ այս արշավը մեծ ազդեցություն է ունեցել․ այժմ հայկական բրենդներն ավելի հայտնի են և ավելի մեծ պահանջարկ ունեն»,- եզրափակեց Հասմիկ Հարությունյանը։

Հ․Գ․Արշավի մեկնարկը համընկավ Հայաստանում Կորոնավիրուսի համավարակի  ամենաբարձր ցուցանիշներ գրանցած ժամանակահատվածի հետ, երբ օրական արձանագրվում էր վարակման ավելի քան 700 դեպք։

Հենց այդ պատճառով էլ արշավի մեկնարկի մասին ազդարարող այս հոդվածը հեռացվեց։

Հաշվի առնելով, որ երկրում կորոնավիրուսի համավարակը մեղմվում է, ինչպես նաև դյուրացվել է Արցախ մեկնելու ընթացակարգը, վերահրապարակում ենք հոդվածն ու լուսանկարները՝ այդ կերպ  կրկին ազդարարելով «Հայաստանը սեր է» նախաձեռնության մասին։

 

Նույն շարքից