Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները

analitik.am

 

Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։

Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել:

Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Այս պայմանագիրը 1979 և 1994 թթ․ Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո 3-րդն է։ ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական ​​նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

ermenihaber

 

Նույն շարքից