Հասարակություն Քաղաքականություն 

Հանրային քննարկման է ներկայացվել հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը

analitik.am

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, որով մի շարք սկզբունքային փոփոխություններ ենք առաջարկում, մասնավորապես․

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրների, ինչպես համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։

Նոր նախագծով առաջարկվում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ էության նորմատիվային ֆինանսավորման սկզբունքով՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ ենթակայությունից, ինչպես նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։

Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում. դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն;

Նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից են․

1․ Համընդհանուր ներառականության կոնտեքստում նախատեսվում է ֆինանսավորման բանաձևում ընդգրկել այն ծախսերը, որ մինչ այս կախված էին տվյալ դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ծանր ու միջին վկայագրված երեխաների առկայությունից, և որպես հետևանք էր ունենում այն, որ որոշ դպրոցներում ձևավորվում էր նշված խմբի երեխաների անհամաչափ բաշխվածություն՝ վերստեղծելով նոր հատուկ դպրոցներ։

Այժմ ֆինանսավորման առաջարկվող բանաձևը առաջարկում է անցնել իրական ներառականության․ բոլոր դպրոցների համար նախատեսվում է ուսուցչի օգնականի հաստիքը, ինչպես նաև առանձնացված են ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3297 հազ․ դրամ /յուրաքանչուր տարի 1099 հազ․ դրամ/ և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով կամ հիմնանորոգման համար ֆինանսավորվող ծրագրերում։ Արդեն հարմարեցված դպրոցների դեպքում կգործի այս նպատակով շարունակական ծախսերի բաժինը, որը հաշվարկվում է ներառական հարմարեցման համար նախատեսված ծախսերի 7 տոկոսի չափով,

2․ Մանկավարժական ստեղծարար գործունեության խրախուսման համար նախատեսվել են այնպիսի լրավճարներ, ինչպես մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը, որը հնարավորություն կտա նվազեցնել մեթոդմիավորման ղեկավար հանդիսացող ուսուցչի կողմից դասավանդվող ժամերը և պահպանելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը՝ այդ ժամերի մի մասն ուղղել պարբերական շաբաթական դասալսումներին։ Սա կարող է դառնալ դպրոցում ներքին վերապատրաստումների կարևոր գործիք։ Նախատեսված է նաև լրավճար դասղեկների համար։

3․Ուսուցչի նվազագույն աշխատավարձի մասով նախատեսվել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման ավելի բարձր աշխատավարձը,

4․Ֆինանսավորման բանաձևում արտացոլվել է նաև նախակրթարանների ֆինանսավորումը, սննդի գումարը՝ այդ թվում տարրական դասարանների համար իրականացվող կայուն դպրոցական սնունդ ծրագրի մասով ևն»։

Նույն շարքից