Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսի նախագահն օգնության կոչով դիմել է Պուտինին․ Ամերիկայի ձայն

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո իր հրաժարականը պահանջող անհանգստության ալիքի տակ:

Լուկաշենկոյի 26-ամյա իշխանությունը տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման տակ հայտնվել է վտանգի ներքո: Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնք երբեմն ընթանում են ոստիկանության հետ բախումներով, ունեն մեկ նպատակ` Լուկաշենկոյի հրաժարականը, հայտարարելով, որ ընտրություններն անցկացվել են համատարած խախտումներով ու օրենքի ոտնահարումներով:

Իշխանությունից կառչած Լուկաշենկոն հայտարարում է, թե անհանգստությունների այս ալիքը կարող է տարածվել Բելառուսի սահմաններից դուրս, եւ կարծում, որ դա պիտի անհանգստանցնի նաեւ Ռուսաստանին: Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մասին մանրամասները դեռեւս չեն ներկայացվում: Մինչեւ զանգահարելը, Լուկաշենկոն ասել է, թե ‘’այս վտանգը միայն Բելառուսին չէ, որ սպառնում է’’:

Այս ընթացքում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն ընտրություններից հետո փախուստի է դիմել դեպի Լիտվա, կոչ է արել անցկացնել բողոքի նոր ցույցեր, պահանջելու համար ձայների վերահաշվարկ:

Ռուսաստանը Բելառուսը համարում է ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության դեմ որպես ռազմավարական բուֆերային գոտի: Սակայն մինչեւ ընտրությունները Մոսկվայի ու Մինսկի միջեւ հարաբերությունները լարվել էին, երբ Լուկաշենկոն մերժել էր Ռուսաստանի հետ իր երկրի քաղաքական ու տնտեսական միություն կազմելու Պուտինի առաջարկը:

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ համատարած խախտումներով անցած ընտրությունների արդյունքում ոչ լեգիտիմ նախագահ ունենալու հանգամանքը Բելառուսին կարող է ստիպել գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջումների:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքը:

Նույն շարքից