Հայաստան Քաղաքականություն 

Նախարարի հիմա արձակուրդ գնալը զարմանալի էր. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում ստորագրեց:

Շատերի համար դա տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում այս պահին արտակարգ դրություն է հայտարարված ու պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ:

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի հիմա արձակուրդ գնալը զարմանալի էր. «Հղումը պետք է կատարեմ ԱՆ խոսնակի ասածին, որ դա հավանաբար մեծ հոգնածության հետ է կապված, բայց առանձնապես այլ տեղեկություններ չունեմ: Այդ լուրն ինձ համար էլ էր անակնկալ: Կարծում եմ՝  ինչ-որ պատճառներ կան»:

Տիկին Բադալյանի խոսքերով, մեխանիզմն աշխատում է, իրավիճակը կայունացել է, հիվանդների թիվը աստիճանաբար պակասում է, վարակվածների թիվը նվազում է. «Եթե իրավիճակը կարելի է վերահսկել առանց կոնկրետ նախարարի, ապա կարելի է դրան այդպես էլ անդրադառնալ, որովհետև չեմ կարծում, թե նախարարն անձամբ անընդհատ զբաղվում է բոլոր հարցերով: Այս պայմաններում կարող ենք նաև այսպես մեկնաբանել, որ բոլորն իրենց տեղերում են և բոլորն աշխատում են, իսկ նախարարը կարող է հանգստանալ: Չեմ կարծում, թե դա պետք է շատ ուռճացնել ու համարել դասալքություն»:

Պատգամավորը նաև չի կարծում,  որ այս պահին ինչ-որ բան է կախված նախարարից կամ իր որևէ որոշումից, որը հնարավոր չէ արձակուրդի ընթացքում անել. «Նորմալ եմ վերաբերվում»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման գործընթացը, Բադալյանը պատասխանեց, որ կարող էր լինել շատ ավելի լավ. «Բազմիցս այդ մասին խոսել եմ: Գնահատում եմ բավարար, ոչ լավ, ոչ վատ: Ինչ հնարավոր է, արվել է: Իհարկե, կարող էր լինել շատ ավելի լավ, բայց կարող էր լինել նաև շատ ավելի վատ: Կարճ կարող եմ ասել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մասով նախարարության կողմից կազմակերպված աշխատանքները գնահատում եմ բավարար»:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ենթադրյալ կոնֆլիկտին, Բադալյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի դրա վերաբերյալ. «Ինչպես հասկացա, միայն ես չեմ, որ չունեմ տեղեկություն: Կարծում եմ, եթե նման բան լինի, այնուամենայնիվ, պարզ կդառնա: Ամենը ինչ հասցրել եմ կարդալ լրատվական կայքերում, մի քիչ տարօրինակ է թվում առաջին հայացքից»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից