Այսօր Ա1+ լրատվականի կայքը հրապարակում էր արել՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ստամբուլյան կոնվենցիայի ու ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասին հայտարարություն է տարածել: Հայտարարությունն ավելի ուշ հեռացվել էր կայքից:
Հայտարարությունը, վերոնշյալ կայքին հղում տալով, հրապարակվել է նաև Analitik.am լրատվական կայքում:
Քիչ առաջ Analitik.am-ի հետ կապ հաստատեց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արթուր Մանուկյանը (այդպես ներկայացավ մեզ զանգահարողը) և խնդրեց հերքել հրապարակումը՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է, կեղծ մեյլից է ուղարկվել սկզբնաղբյուր կայքին: Նա նաև ասաց, որ ավելի ուշ կլինի հերքման տեքստ:
Ավելի վաղ տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացնում եմ, որ երեկ տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է աջակցել «Ստամբուլյան» կոնվենցիայի՝ իշխանությունների կողմից վավերացմանը։
Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում։
Լիահույս ենք, որ իշխանությունները չեն տրվի տարրատեսակ շահարկումներին և լիարժեք կընդունեն կոնվենցիան։
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»: