Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Վախենում եմ երեխայիս համար. Առաջինդասարանցիների ծնողները դժգոհ են դպրոցները բացելու որոշումից

analitik.am

 

Առաջին դասարան հաճախող երեխաների ծնողները պնդում են, որ դիմակները խնդիրներ են առաջացնելու իրենց երեխաների մոտ և ազդեցություն են ունենալու վերջիններիս առողջության վրա:

Analitik.am-ի հետ զրույցում առաջին դասարան հաճախող Սամվելի մայրը՝ Աննա Սիմոնյանը  նշեց, որ իր երեխան չի կարողանում դիմակ կրել. «Երեխաս ունի շնչառական խնդիր, դրա պատճառով չի կարողանում դիմակ կրել: Միևնույն ժամանակ չեմ կարող նրան դպրոց չտանել, քանի որ պետք է ուսում ստանա: Ստացվում է, որ երեխայիս առողջությունը վտանգելով՝ նրան տառաճանաչ պետք է սարքե՞ն:

Չեմ հասկանում՝ ինչ են անում ներկա կառավարության անդամները, ինչ անիմաստ որոշումներ են կայացնում: Եթե երեխաները հեռավար կարող էին դաս սովորել, ո՞րն է դպրոցները բացելու պատճառը»:

Աննայի խոսքերով, դիմակների պատճառով իր երեխայի մոտ կարող է առկա առողջական խնդրի բարդացումներ լինել. «Մենք բժշկի համապատասխան թուղթ ունենք, այն մասին, որ իմ երեխան առողջական խնդիրների պատճառով կարող է դիմակ չկրել: Բայց, եթե իմ երեխան առանց դիմակ գնա դպրոց ու դասարանում գտնվի այն երեխաների հետ, ովքեր դիմակներով դասի են նստելու, խնդիրներ կարող են առաջանալ. Մյուսները, տեսնելով առանց դիմակ աշակերտի, կփորձեն հանել դիմակները, իսկ այդքան երեխային կառավարելն ուղղակի անհնար կլինի ուսուցչի համար: Ամեն քայլը խնդիր է լինելու այդ խեղճ ուսուցիչների համար»:

Մեր մյուս զրուցակիցը՝ 7 ամյա Նարինեի մայրը, նշեց, որ իր երեխային դպրոց չի ուղարկելու. «Իմ երեխան առողջական խնդիրներ չունի, բայց դիմակ էլ չի կարողանում կրել: Իմ երեխայի առողջությունն ինձ համար ավելի կարևոր է, քան անգրագետ նախարարի որոշումները: Այդ ի՞նչ նոր չափորոշիչներ են ուզում ներքաշել դպրոցական համակարգ, ի՞նչ են ուզում ուսանել մեր երեխաներին, որ համաճարակի պայմաններում բացում են դպրոցները»:

Տիկին Նվարդի խոսքերով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է խեղաթյուրել դպրոցահասակ երեխաներին. «Այդ ի՞նչ կարևոր բաներ ունեն երեխաներին սովորեցնելու, որ բացում են դպրոցները: Մի քանի ամիս երեխաները հեռավար էին դաս անում: Ճիշտ է՝ բավականին դժվար պրոցես էր, բայց ավելի անվտանգ էր: Միևնույն ժամանակ մենք էլ էինք ներկա լինում, հասկանում էինք, թե որտեղ է թերանում մեր երեխան և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք: Թող մի քանի ամիս էլ այդպես լիներ, թե՞ ծնողներից թաքուն պետք է իրենց «այլանդակ» չափորոշիչները փորձարկեն մեր երեխաների վրա:

Վստահ եմ, որ այդ եսիմ ինչի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է խեղաթյուրել դպրոցահասակ երեխաներին: Նա իր անգրագետ վիճակով անգրագետ որոշումներ է կայացնում և մեզ էլ դնում է անհարմար վիճակի մեջ: Ինչո՞ւ իմ երեխան դիմակի պատճառով պետք է դպրոց չհաճախի:

Նորից եմ ասում՝ այդ տարիքի երեխաներին կառավարելն անհնար է, որևէ մեկը չի կարող անընդհատ հսկել նրանց, որ դիմակները չհանեն: Իսկ դիմակները հանելու դեպքում ավելի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու: Իմ երեխան ժամում 10 անգամ հանում է դիմակը և այս ու այն կողմ է նետում: Այդ ինչքան պետք է ուշադիր լինի ուսուցիչը, որ բոլորն այդպես չանեն ու հետո նույն դիմակները կրեն»:

Նվարդը նշեց նաև, որ իր երեխան բավական ակտիվ է և նրա՝ դիմակով դասին ներկա լինելը կարող է խնդիր առաջացնել ուսուցչի համար. «Չեմ ուզում իմ երեխայի պատճառով ամբողջ դասապրոցեսը խանգարվի: Ես հասկանում եմ, որ ուսուցիչը չի կարող ամբողջ դասի ընթացքում իր ուշադրությունը կենտրոնացնել միայն իմ երեխայի վրա, դրա համար էլ իմ երեխային չեմ տանելու դպրոց»:

Թագուհի Մելիքսեթյանը, ով Անդրանիկի մայրն է, որոշել է տղային չզրկել սեպտեմբերի 1 ունենալու հաճելի ապրումներից, բայց վախենում է երեխայի համար. «Շատ եմ ուզում երեխաս հաճախի դպրոց, նոր ընկերներ ունենա, տառերը սովորի: Բավականին երկար ենք սպասել այդ պահերն ապրելու համար, բայց այս պայմաններում վախենում եմ երեխայիս համար: Վախենում եմ, որ դպրոցների բացվելն ավելի մեծ վտանգ կստեղծի ոչ միայն երեխաների, այլ ամբողջ ազգի համար: Կարծում եմ, կարելի էր որոշ ժամանակ սպասել, մինչև համաճարակի լիարժեք վերանալը»:

Մեր զրուցակցի խոսքերով, դպրոցները բացելու մասով իշխանությունը սխալ որոշում է կայացրել. «Պետք է մի քիչ էլ սպասեին: Ինքս մի կերպ եմ ստիպում երեխային, որ դիմակին ձեռք չտա, չհանի ու չխաղա հետը: Պատկերացնում եմ, ուսուցիչների համար դա ինչ անվերահսկելի գործընթաց է լինելու: Մի կողմից ուզում եմ երեխայիս ուղարկել դպրոց, մյուս կողմից վախենում եմ, որովհետև սխալների ու անուշադրության հետևանքով ավելի մեծ կլինի վարակվելու ռիսկը:

Ես չեմ մեղադրի ուսուցիչներին, եթե նրանք ուշադիր չլինեն երեխաների դիմակների ճիշտ կրելուն, որովհետև այդքան երեխայի հետ աշխատելն արդեն բարդ գործ է: Իշխանությունը շատ սխալ որոշում է կայացրել դպրոցները բացելու մասով, կարծում եմ այդ սխալի համար կրկին պատասխան ենք տալու մենք»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից