Բարի օր Հասարակություն 

Ուզում եմ, որ այս կառավարությունը վերանա, սա «կապիկություն» է, թոշակն ուշացնում են. Թոշակառուները բողոքում են նոր համակարգից

analitik.am

 

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով:

Ինչպես երևում է, այս որոշումը ոչ բոլորի սրտով է:

Analitik.am-ի հետ զրույցում մի քանի թոշակառու ասացին, որ վերոնշյալ համակարգը դեռ վաղուց է գործում. «Այդ համակարգի պատճառով օրերով հոսանք չեմ ունենում: Թոշակս միշտ ամեն ամսվա 2-3-ին էի ստանում, իսկ հիմա ամսի 10-ին են բերում տուն:

Ես թոշակով ապրող մարդ եմ, ուրիշ եկամուտի աղբյուր չունեմ ու դրա համար էլ դժգոհ եմ այս համակարգից: Փոստում ասում են, թե մեր անվտանգության համար են անում այս ձևով, բայց ինչ անվտանգության մասին է խոսքը: Նույն փոստատարը հարյուրավոր տներ է այցելում և հարյուրավոր մարդկանց հետ է շփվում, նա որքանով է վստահ, որ այդ քաղաքացիներից մեկը վարակված չէ», ասաց Եղվարդի բնակիչ 62-ամյա Ամալյա տատիկը և հավելեց, որ այն, ինչ անում է կառավարությունը, բացառապես «կապիկություն» է:

Նրա խոսքերով, այս որոշման պատճառով դժվարացել է նաև փոստատարների աշխատանքը. «Նրանք ստիպված են իրենց ամբողջ օրը տրամադրել քաղաքացիների տներ այցելելուն, իսկ դա մարդկային չէ: Ես դա համարում եմ անմարդկային արարք, որը իրագործում է կառավարությունը: Ինչպե՞ս կարելի է մարդկանց այդ աստիճան տանջել»:

Մեր մյուս զրուցակիցը՝ 72-ամյա Քնարը, ով բնակվում է Շենգավիթում, ասաց, որ համավարակի կանխարգելման նպատակով ստեղծված համակարգի պատճառով ամեն ամսվա սկզբի 5 օրը միայն հաց է կերել. «Թոշակը բավական ուշ են բերում: Մեղավորությունը փոստինը չէ, նրանք ֆիզիկապես չեն կարող մեկ օրում այդքան թոշակառուի տուն այցելել: Բայց կարելի՞ է նման ձև անել:

Ես ու ամուսինս բնակվում ենք միայնակ: Երեխաներս երկրում չեն, իսկ մենք ապրում ենք միայն թոշակի հույսով: Թոշակը ստանալուն պես գրեթե ամբողջը ծախսվում է դեղերի, կոմունալ վճարների և կողմնակի բաների վրա: Մեր միակ հույսը թոշակն է, դա էլ ուշացնում են:

Ամսվա 5 օրը մենակ հաց ու հոգապահուստում մնացած բաներն ենք ուտում: Բա սենց բա՞ն են անում:

Փոխանակ մեր երկրի իշխանությունը մտածի ծերերին օգնելու մասին, փոխանակ վատ պայմաններում ապրողներին ուտելիքով ապահովի, անիմաստ բաներ է անում:

Ես ժամանակին ընտրել եմ մեր վարչապետին այն հույսով, որ գոնե մի քիչ կբարելավի երկրի վիճակը և ինչ-որ բանով կօգնի անապահով ընտանիքներին, բայց արդեն 2 տարի է ապրում եմ նույն վիճակով, ոչ մի բան չի փոխվել:

Հակառակը՝ ամեն ինչ ավելի վատ է, որովհետև սպասումներս չիրականացավ»:

Քնար տատիկի խոսքերով, ամուսնու ամբողջ թոշակը ծախսվում է միայն դեղորայքի վրա. «Մենք ծեր մարդիկ ենք և շատ գումար չենք էլ ծախսում, բայց պահ է գալիս, երբ սիրտս միս կամ մակարոնից բացի այլ բան է ուզում: Ես այդ չնչին գումարով չեմ կարող նման բան թույլ տալ ինձ:

Շատ բաների մասին կարող եմ ասել, բայց վախենամ դա էլ կտրեն մեզանից: Ուղղակի ուզում եմ, որ այս կառավարությունը վերանա, ուզում եմ երկիրը մաքրվի ստախոսներից և մարդիկ սովորական միս ուտելու համար ամսվա թոշակից կարողանան հանգիստ ծախսել, ոչ թե մտածեն, բա որ միս առնեմ, կարողա 3 օր սոված մնամ»:

Մեր մյուս զրուցակիցը՝ Աշոտ պապիկը, կրկին Եղվարդի բնակիչ է: Նա նշում է, որ փոստ չայցելելով չեն կանխի վարակի տարածումը. «Դա «ապուշ» միտք է: Ի՞նչ է նշանակում դուք մի եկեք փոստ, մեր փոստատարը կգա ձեր տուն և կտա ձեր թոշակը: Դե արի ու մի ասա, բա էդ փոստատարը քանի՞ տուն է այցելում և քանի՞ թոշակառու է այդ նույն գրիչով ստորագրում»:

Աշոտ պապիկը պնդում է, որ սա կառավարության հերթական բեմականացումն է. « Նրանք ձեռք են առնում մեզ: Ծիծաղում են մեզ վրա: Ամսվա կեսն անցնում է նոր թոշակը բերում են: Թե ասա էլ խի՞ եք բերում, մեկ ա արդեն սովորել ենք դատարկ ստամոքսով քնելուն ու լույսերն անջատած ապրելուն:

Թոռներիս հետ դուրս եմ գալիս զբոսանքի, ինձանից մի հատ մառոժնի են ուզում, բայց ես չեմ կարողանում առնել, ինչ ա՝ ասել են փոստ չայցելեք:

Մի օր որոշում եմ գնալ փոստ, հասնում եմ այնտեղ և ինձ ետ են ուղարկում: Իրենց ասում եմ, որ տանս հացը վերջացել է և իմ թոշակն ինձ շատ է պետք, բայց չտվեցին: Իրենք էլ մեղք չունեն, իրենց էլ վերևներից են ստիպում:

Հա, մի բան էլ ասեմ՝ թոշակը տուն բերելուց հետո, բոլոր թոշակառուները կոմունալները վճարելու համար գնում եմ փոստ: Լիքը մարդ է լինում, կուտակումներ են լինում, բա այդ հարցը ինչո՞ւ չեն կարգավորում:

Տրամաբանություն չեմ տեսնում էս «անպիտան» կառավարության արածների մեջ: Մեկ ա թոշակառուները գնալու են իրենց կոմունալները վճարեն փոստում, էլ խի՞ չես թողնում գան թոշակները ստանալու»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից