Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Օրեր ենք ունեցել, երբ վերակենդանացման բաժանմունքներում 1-3 ազատ տեղ է եղել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Թվերի նվազմանը զուգահեռ մենք առողջապահական հզորությունները ետ ենք ծավալել, սակայն այն հիվանդանոցները, որոնք պայքարում էին կորոնավիրուսի դեմ, պատրաստ են ցանկացած պահ վերադառնալ այդ պայքարին: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 925 մարդ է մահացել կորոնավիրուսից, հասկանալի է, որ անհարմարություններ կան, սակայն դրանք պետք են պայքարի համար:

Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Հայաստանի ընտրած ռազմավարության մասին՝ նշելով, որ այն ճիշտ է. «Առողջապահական հիմնարկները պատրաստ են բուժել: Պարզ է, որ անխուսափելի մահվան դեպքեր լինելու են:

Հուլիսին օրինակ մենք եզրին ենք եղել: Օրեր ենք ունեցել, երբ վերակենդանացման բաժանմունքներում 1-3 ազատ տեղ է եղել: Մենք կարողացել ենք դա հաղթահարել և որևէ քաղաքացի առանց բուժօգնության չի մնացել: Մի դեպք է եղել, սակայն այդ դեպքում էլ հարազատները հապաղել են բժիշկներին դիմելու հարցում»:

Փաշինյանը նշեց, որ ամեն 100 դեպքից 2-ը մահանալու են. «Սակայն մենք պետք է հասկանանք, որ չենք կարող մեր երկիրը, տնտեսությունը կոնսերվացնել, պետք է զուգահեռ կարողանանք գնալ այս ճանապարհով»:

Վարչապետը, հղում անելով ինչ-որ վերլուծության, նշեց՝ այն երկրները, որոնք ամենախիստ սահմանափակումներին են գնացել ու կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություններ ունեն, տնտեսական առումով ունեն ամենախորը խնդիրները. «Սրանք իրար հետ փոխկապակցված են: Մենք պետք է ամենուր ուշադիր լինենք առկա խնդիրը լուծելու համար»:

 

Նույն շարքից