Հասարակություն 

Քաղաքացին ահազանգում է. վերելակը փոխելուց հետո չեն կարողանում օգտվել դրանից, շենքում նաև առնետներ կան

analitik.am

 

Այսօր Analitik.am-ին է ահազանգել Երևանի բնակիչներից մեկը, ով բարձրաձայնել է իրենց շենքի վերելակի հարցը: Խոսքը վերաբերում է Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 2/5 շենքին, մասնավորապես՝ շենքի 3-րդ մուտքին:

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց մուտքի վերելակը փոխելու աշխատանքները սկսել են օգոստոսի 1-ին, իրենց խոսք են տվել, որ մեկ ամսվա ընթացքում աշխատանքներն ավարտված կլինեն, սակայն արդեն 1,5 ամիս է՝ չեն կարողանում օգտվել վերելակից. «Աշխատանքներն ավարտված են, վերելակը գործածման ենթակա է: Երբ հանձնաժողովը եկավ, հաստատեց դա»:

Քաղաքացին նշեց, որ հանձնաժողովը գնացել է անցած ուրբաթ, բայց դրանից առաջ էլ այն պատրաստ է եղել, ուղղակի սպասել են հանձնաժողովի ժամանելուն:

Մեր զրուցակիցը բարձրացրեց նաև աղբատար խողովակի մասին հարցը՝ նշելով, որ վերելակն անջատելուց հետո այն զոդել ու փակել են, մարդիկ ստիպված են 9 հարկ իջնել ու աղբը տանել թափել. «Բացի դրանից, երբ փակեցին, նորմալ չմաքրեցին, ինչի արդյունքում շենքում առնետներ հայտնվեցին, նույնիսկ հարևանի տուն էին մտել: Առնետները մինչև հիմա իրենց համար ազատ զբոսնում են, որևէ մեկը որևէ բան չի անում»:

Քաղաքացին նշեց, որ վերելակը փոխելու ժամանակ բանվորները երկու անգամ իրենց իրերը հավաքել են ու գնացել՝ նշելով, որ իրենց աշխատավարձ չեն տալիս. «Մենք զանգահարեցինք քաղաքապետարան, որտեղից ասացին, որ կփոխանցեն գումարը: Եթե չեմ սխալվում, դեռ չեն վճարել այդ գումարը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ վերջին անգամ պատասխանատու մարմնի հետ խոսել է 1,5 շաբաթ առաջ, ասել են, որ 4 օրից կլինի, սակայն վերելակը դեռ չի աշխատում, իսկ ինքը երկու մանկահասակ երեխա ունի, չեն կարողանում տեղաշարժվել. «Իսկ այսօր, երբ զանգահարում ենք թեժ գիծ, արդեն նույնիսկ չեն պատասխանում»:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության մոտ ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ, որոնց խոսքերով, իրենք Երևանի տարբեր վարչական շրջաններում վերելակներ են տեղադրել, սակայն իրենց աշխատավարձը չեն տալիս:

 

Նույն շարքից