Իրավական 

Հենզել Մկոյանին ոչ ոք չի հետապնդում. Քննչական ծառայությունն արձագանքել է

«Ախալքալաքիի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,-  հայտարարում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:

Սա գերատեսչության պատասխանն է Մկոյանի այն հայտարարությանը, թե  իրեն  ու իր մտերիմներին հետապնդում են: Պատգամավորը ասում է, որ սեպտեմբերի 16-ի գիշերը Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է արել իր եղբորը պատկանող ընկերությունում ու առգրավել է գրեթե բոլոր  փաստաթղթերը:

Մկոյանը կատարվածը կապում է իր քաղաքական գործունեության հետ ու ասում,  որ այսպիսով իրեն ստիպում են հանել թեկնածությունը:

Մկոյանը «Վրացական երազանքի» գործող պատգամավոր է, մինչ այդ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր է եղել` նախորդ իշխանության օրոք, պատրաստվում է առաջադրվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սակայն «Վրացական երազանքն» այս անգամ հրաժարվել է նրա թեկնածությունից` որպես մեծամասնական պատգամավոր, չի ներառել նաև համամասնական ցուցակում:

Ինչ վերաբերում է հետապնդմանը, քննչական ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիների կոլեկտիվ  դիմումների հիման վրա Սամցխե-Ջավախքում գործող գազի ընկերություններից մեկի նկատմամբ  քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 2՝ խարդախության  և խոշոր չափերի  հարկերից խուսափելու հոդվածներով, իսկ քաղաքական ենթատեքստի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Փաստացի հիմքեր ձեռք բերելու նպատակով, դատարանի որոշմամբ առգրավվել են միայն համապատասխան փաստաթղթեր, ոչ թե համակարգչային տեխնիկա: Ծառայությունից հայտնում են նաև, որ ստիպողական որևէ մեթոդ չի կիրառվել,  որը կխանգարի ընկերությանը` շարունակել գործունեությունն ու բնակչությանը գազ մատակարարել: Ընդ որում, քննչական գործողությունների ավարտին ընկերության ղեկավարներից մեկը փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է, որ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտ չի կարող հանդիսանալ ընկերության հետագա գործունեության համար:

Հիշեցնենք` Մկոյանը նախօրեին զգուշացրել էր, թե Ջավախքը շուտով առանց գազի կմնա:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից