Վերլուծական Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց, որ նրան իր հետ տանելու է

analitik.am

 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն իրենցով արած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարծես թե «սպանեց» այդ պահանջը՝ այն իրենով անելով, ԱԺ-ում հարցապնդում ներկայացնելով, պաշտոնանկությունը տապալելով:

Առհասարակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ուշագրավ քաղաքականություն է որդեգրել՝ իրենով է անում այս կամ այն բարձրացվող թեման, տապալում պահանջը, ինչից հետո տվյալ թեմայով պահանջը թուլանում է, կամ՝ մարում:

Այսպես եղավ նաև Արայիկ Հարությունյանի դեպքում, գոնե՝ դեռ:

Չար լեզուներն ասում են, որ Էդմոն Մարուքյանը հենց սուրճի ընկեր Նիկոլ Փաշինյանի պահանջով է հարցապնդումը ներկայացրել:

Արայիկ Հարությունյանն առհասարակ հետաքրքիր ունակություն ունի: Նա թերևս իր այդ գերմարդկային հատկությամբ կարող է «ոտք գցել» Արսեն Թորոսյանի հետ. Այս երկու պաշտոնյաները կարողանում են իրենց դեմ հանել ոչ միայն հակառակ ճամբարում գտնվող գրեթե բոլոր ուժերին, այնպես էլ՝ սեփական թիմի ներկայացուցիչներին:

Սակայն, ինչպես դեպքերը ցույց են տալիս, Արայիկ Հարությունյանից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այդ թվում նաև նրա թիմի, բայց ոչ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար:

Իր վերջին ասուլիսի ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը խոսում էր իր հրաժարականի պահանջի մասին, հայտարարեց, թե ինքը եղել է հեղափոխության առաջնորդ, դեռ ավելին՝ մնում է այդպիսին, ուստի պետք չէ իրեն վախեցնել այդ պահանջներով:

Առաջին հայացքից սա սովորական հայտարարություն կարելի է համարել, սակայն այն ասվեց ոչ թե նրանց համար, ովքեր պահանջում են Հարությունյանի հրաժարականը, այլ՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար:

Հարությունյանը Փաշինյանին հիշեցրեց, կամ՝ տեղյակ պահեց, որ իրեն հավասար է համարում վարչապետի հետ ու որևէ մեկը չի կարող իրեն տուն ուղարկել, բացի իրենից, իսկ ինքը չի գնալու:

Հարցին կարելի է նաև այլ տեսանկյունից նայել, եթե Արայիկ Հարությունյանը հեղափոխության առաջնորդ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ապա եթե ինքը գնա, Նիկոլ Փաշինյանն էլ է գնալու, քանի որ տապալված է լինելու հեղափոխությունը:

Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ լինելու է, քանի որ Հարությունյանը վարում է հեղափոխական թիմի սրտի քաղաքականությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ խոսեց բռնաբարության վերաբերյալ իր ելույթով՝ աջակցություն հայտնելով իր՝ «փայտ բռնող» ընկերոջը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելն արդեն անպտուղ գործ է, եթե իհարկե ինչ-որ ժամանակ «պտղատու» է եղել: Նրանք, ովքեր պահանջում են Հարությունյանի պաշտոնանկությունը, պետք է բռնեն «ձկան գլխից», իսկ գլխի տեղը բոլորը գիտեն:

Մնացականյան Արթուր

 

Նույն շարքից