Հասարակություն 

Օրացույցում նոր տոնական օր կավելանա՞․ պատգամավորի օրինագիծ

analitik.am

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել։

Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը այսուհետ ընդգրկել ՀՀ տոնական եւ հիշատակի օրերի ցանկում՝ նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում ներառելով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց մշակույթի պահպանմանը, հանրայնացմանն ու տարածմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ ազգային փոքրամասնություններրի մշակույթի եւ սովորույթների որոշ տարրեր առավել հանրային դառնան եւ առավել ընկալելի ու ընդունելի լինեն հասարակության կողմից: Սա իր հերթին կբերի ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողականության մեծացմանը, այլեւ  նրանց ինքնության պահպանմանը, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հովդածով»,-նախագծում նշել է նա:

Բաքոյանը նշում է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ փաստում ենք, որ աշխարհի տարբեր պետություններում, որպես հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը, պաշտոնապես ամրագրված է Ազգային փոքրամասնությունների օր:

«Մի դեպքում դա հենց ՄԱԿ-ի վերոհիշյալ հռչակագրի օրն է՝ դեկտեմբերի 18-ը (Ռումինիա, Հնդկաստան), մեկ այլ դեպքում՝ ազգային փոքրամասնությունների՝ տվյալ երկրի պատմական կյանքում ունեցած որեւէ վճռորոշ դերակատարման հետ կապված ամսաթիվ (Էստոնիա (սեպտեմբերի 24), Պակիստան (օգոստոսի 11))»,-նշել է նա:

Նույն շարքից