Հասարակություն Տնտեսություն 

Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրել է Հայաստան

analitik.am
ՏԿԵ նախարարությունից հաղորդում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Շնորհավորելով նրան ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:
Անդրադառնալով ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղություններին և հեռանկարներին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը` որպես ռազմավարական առաջնահերթություն, ամրագրված է ՀՀ անվտանգության ռազմավարությունում։
«Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո, և կատարվում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ:
Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր,- նշել է նախարար Պապիկյանը։
Նախարարը գոհունակություն է հայտնել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակում միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործմանն ուղղված միջոցառումների կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության բարձրացման աշխատանքների շրջանակներում կազմակերպության հետ համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի։
Միաժամանակ նախարար Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը այն դիտարկում է որպես արժանահավատ սպառնալիք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱԷՄԳ կողմից մշակվող «ԶՈԴԻԱԿ» ծրագրին, որի նպատակն է՝ ամբողջ աշխարհում վետերինար լաբորատորիաների ստեղծման, վերազինման և միջուկային տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարդկանց շրջանում կենդանական ծագման վիրուսների տարածման վերահսկումն ու կանխարգելումը: Բարձր է գնահատվել նաև ԱԷՄԳ աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ RT-PCR սարքի և լրացուցիչ սարքավորումների տրամադրման միջոցով։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրել է Հայաստան։

Նույն շարքից