Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում նախազգուշացրել են կորոնավիրուսի 3-րդ ալիքի մասին

analitik.am

Իրանում 24 ժամում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել հունիսից ի վեր։ 1 օրում վիրուս է հաստատվել 3341 մարդու մոտ. մինչև օրս արձանագրված դեպքերի թիվը հասել է 425.481-ի։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակը։

Սիմա Սադաթ Լարին նաև հայտնել է, որ 1 օրում կորոնավիրուսից մահացել է 177 մարդ՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասցնելով 24.478-ի։

Իրանը Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է։ Անցյալ շաբաթ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին հայտարարել էր, որ ամբողջ երկիրը կորոնավիրուսի վտանգի կարմիր գոտում է գտնվում, քանի որ օրական նոր դեպքերի և մահացությունների թիվն աճում է մտահոգիչ արագությամբ։

Իրանի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է համավարակի երրորդ ալիքի մասին, մինչ կառավարությունը դեպքերի աճը մասամբ կապում է այն բանի հետ, որ հասարակությունը չի հետևում առողջապահական ցուցումներին։

Չնայած կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգություններին` սեպտեմբերի 5-ին դպրոցներն ընդունել են 15 միլիոն աշակերտի՝ չնայած Կրթության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ դպրոց հաճախելը պարտադիր չէ։

Նույն շարքից