Հասարակություն 

ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության կառույցների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները

Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես, պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ շեշտվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննա, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ:

Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները:

Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմանները սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը:

Կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից