Միջազգային Քաղաքականություն 

Ալիևների ընտանիքը ՝ նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2»

analitik.am

Իսրայելական օդատիեզերական ու ավիացիայի ամենախոշոր արտադրողը 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների, որոնք Ադրբեջանի իշխանական վերնախավի համար օգտագործվել են որպես գաղտնի ու պաշտպանված հիմնադրամ՝ համաձայն բանկային փաստաթղթերի մասին տեղեկությունների նոր արտահոսքի: Թեմային է անդրադարձել The Times of Israel պարբերականը:

Կասկածելի խախտումներ հայտնաբերելով՝ Deutsche Bank-ը մի քանի զեկուցներ է ուղարկել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ կապված 2012-14 թվականներին Իսրայելի պետական սեփականություն համարվող օդատիեզերական արդյունաբերության վճարումների հետ, որոնց մասին տեղեկությունները բացահայտվել են տվյալների արտահոսքի շնորհիվ:

«Պարզ չէ, թե Իսրայելի պետական օդատիեզերական ամենախոշոր արտադրողն ինչու է վճարել երկու ընկերություններին, սակայն վճարումները կասկած են առաջացրել Deutsche Bank-ի ղեկավարության մոտ, որոնք զբաղվում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կասկածելի գործարքների վերահսկողությամբ»,- հայտնել է իսրայելցի լրագրողը:

Արտահոսած տվյալները պարունակում են հազարավոր փաստաթղթեր, որոնց մեջ կան 2 տրիլիոն դոլար արժողությամբ կոռուպցիոն գործարքներ, որոնք, այսպես ասած, լվացվել են ամերիկյան ֆինանսական համակարգերի միջոցով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Deutsche Bank-ի զեկույցում նշված երկու ընկերությունները՝ Jetfield Networks-ը և Larkstone Ltd-ը ստացել են Իսրայելի օդատիեզերական ընկերության կողմից փոխանցված 155 մլն դոլար գումար:

Jetfield Networks ընկերությունը հիմնադրվել է Նոր Զելանդիայում 2009-ին, որը 2012-ից գործունեությունը շարունակել է նաև Մարշալյան կղզիներում: Ըստ ընկերության պաշտոնական տվյալների՝ այն զբաղվում է առևտրով՝ շինարարական սարքավորումների առուծախով:

Ստացված տվյալների համաձայն՝ ընկերության շահառուն 1961-ին ծնված ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովն է, որը նաև Larkstone Ltd ընկերության շահառուն է: Այս ընկերությունը գործունեություն է ծավալում Էստոնիայում:

Մարշալյան կղզիներում ընկերության գործունեության ժամանակ Իսրայելի օդատիեզերական ընկերությունը 1.4 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի իշխանությունների հետ: Լրագրողը նշում է, որ երկու երկրներն ունեցել են սերտ, սակայն՝ զգուշավոր հարաբերություններ: Իսրայելը նավթ է գնել Ադրբեջանից, իսկ Ադրբեջանն Իսրայելից՝ սպառազինություն և գյուղատնտեսական սարքավորումներ:

Լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կառավարության հետ խոշոր պայմանագիր կնքելուց ամիսներ անց Իսրայելի օդատիեզերական ընկերությունը 2012-ի հունիսին գումարներ է փոխանցել: Լրագրողը նշում է, որ Jetfield Networks ընկերությանը գումարների փոխանցումը սկսվել է 2012-ից՝ մոտ 30 մլն դոլար: Հոկտեմբերին փոխանցվել է ևս 6 մլն դոլար:

Deutsche Bank-ը տեղեկացնում է, որ մինչև 2014 թվականը ավելի քան 116 մլն դոլար է փոխանցվել Jetfield Networks ընկերության հաշիվներին:

Jetfield and Larkstone ընկերությունները հայտնաբերվել են 2017-ին՝ Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի բացահայտման նախագծի շրջանակում, ինչը հիմնական հանգույցը դարձավ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործում:

Նույն շարքից