Հասարակություն 

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է շրթունքները, ոտնաթաթերը գամել մահճակալի փայտյա հատվածին

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից։

Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:

Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան, ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված, Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

 

Նույն շարքից