Հասարակություն 

Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ. hraparak.am

Ֆրանսահայ հայտնի բժիշկ Ժան Միշել Էքերյանը «Հրապարակին» ուղարկել է մի տեսանյութ, որում ցույց է տալիս մի քանի արկղ դեղորայք, որոնք պիտի հասնեին Հայաստան,ապա ուղարկվեին Արցախ, սակայն հետ են ուղարկվել Ֆրանսիա և ինքը ստիպված է դրանք թափել։ Մեզ հետ զրույցում Էքերյանը խորը ափսոսանքով էր պատմում, թե ինչպես է Ֆրանսիայում դեղորայք ու բժշկական սարքավորումներ հայթայթում, հաճախ խնդրում տեղական կազմակերպություններին, որ օգնեն Հայաստանին ու Արցախին, մի մասն էլ ինքն է գնում, սակայն դրանք Հայաստան չեն հասնում մաքսային ծառայության պատճառով, որոնք 2-3 ամիս դեղերը պահում են,ապա հետ ուղարկում, երբ դրանց պիտանելիության ժամկետները արդեն լրացած են լինում։ Էքերյանի խոսքով՝ դեղերն ու սարքավորումները Հայաստան է ուղարկում «Հայմեդ» միության և Ֆրանսիայի հիմնադրամի անունից, հաճախ ինքն էլ է իր հետ բերում և օդանավակայանում միանգամից ձեռքը բռնում են, ապա առանց որևէ շահագրռվածության ձգձգում մինչև դեղերի ժամկետի ավարտվելը․

«Ես կուղարկեմ «Հայմեդ» միության անունով և Ֆրանսիայի հիմնադրամի անունով, բայց ընդհանրապես ես այդ դեղորայքների մասին որ ասում եմ, ես ինձի հետ տանում եմ, և ինձի կբռնեն։ Երբ իջնում եմ ինքնաթիռեն, ինձի անմիջապես կբռնեն։ Անոնք, որոնք կղրկենք, ավելի շատ բժշկական սարքավորումներ են, դեղեր էլ կան, բայց արդեն Ֆրանսիայի հիմնադրամի անունով, և պետք է, որ հիմնադրամի ներկայացուցիչ մը Երևանեն ինքը գա և վերցնե։ Ես Ֆրանսիայի հիմնադրամի բժշկական հարցերով խորհրդատուն եմ։ Երբեմն Արցախի համար կուղարկեմ, Արցախի ներկայացուցիչը կուգա ,կփորձե վերցնել։ Երբ ինձ հետ բերում եմ, օդանավակայանում անմիջապես ձեռքիս կբռնեն ամեն ինչը։ Նախ «սքաներով» կանցնի, ապա իրենք կանդրադառնան, որ 2 տուփեն ավելի պիտի չըլլա, կամ Արցախի առողջապահության նախարարությունը լուր կուտա, որ ինձի սպասում են, և այնադեն կսկսին։ Ամիսներով կպահեն, նույնիսկ Երևանում Արցախի ներկայացուցիչը, հարգելով օրենքները, կմտնինք «Կարգո»-ին մեջը, այդտեղ խնդիրները կսկսին և չգիտենք, թե երբ պիտի այդտեղեն դուրս գանք։ Նույնիսկ եթե այդտեղ շուտ անհրաժեշտ դեղորայքներ ըլլան, բնավ մեկը շահագրգռված չէ, դանդաղորեն, ծույլորեն կքննարկեն, կասեն, որ 2 շաբաթեն, կամ վաղը կամ մյուս օրը կանենք, և այդպես 3-4 ամիս կտևե։ Այդ դեղերի և սարքավորումների մեծամասնությունը կգնենք հոս, իհարկե, զեղչերով , կամ ես կխոսեմ, որ նվեր ընեն , ամեն բան նախօրոք ղրգված կըլլա, բայց էլի կխոչընդոտեն։ Ուղղակի ամոթ է»,- ասաց ֆրանսահայ բժիշկը։

Էքերյանի խոսքով՝ ինքը մեծ ցավ է ապրում, երբ հայթայթած դեղորայքն ու բժշկական սարքավորումները ,որոնց կարիքը Հայաստանում իր գործընկերն ունեն, այդպես էլ չեն ծառայում իրենց նպատակին, խոսքը տարեկան մոտ 50 հազար եվրո արժողությամբ դեղամիջոցների և սարքավորումների մասին է, որոնց մի մասը ֆրանսահայ բժիշկը ստիպված է լինում թափել․

«30 տարի է, որ ես ազգիս համար կաշխատիմ, ինչպես ուրիշներ, մեր պարտականությունն է բոլորիս օգնել մեր ազգը։ Ադոր մասին բնավ խնդիր չկա, բոլոր անոնք, որոնք շահագրգռված են, տարիներե ի վեր աշխատում են, սակայն մեր աշխատանքը հաճախ կխոչընդոտվի, և այդ խոչընդոտները դրսից չեն, ներսից են։ Մեր առաջին դժվարությունը Հայաստանի մաքսատունն է, այդ մաքսատունը, նույնիսկ հարգելով Հայաստանի օրենքները, այնքան մեզի կխանգարե, որ երբեմն 3-4 ամիս պետք է, որ այդ դեղորայքները, որոնց ցանկը մենք նախորոք ղրկած էինք և պիտանի ժամկետներով և Հայաստանում գրացված, չենք կռնա ներս տանել, ինչը բնավ չնպատեր մեր ժողովուրդին»։

Էքերյանը նաև նշեց, որ արկղերում տեղը խնայելու համար հաճախ տուփերից հանում է դեղերը, և մաքսատանը մի պատճառ էլ դա են բռնում բարեգործական նպատակով Հայաստան ուղարկվող դեղերի մուտքը խոչնդոտելու համար․  Եթե ես ուզենայի խարդախություն ընել, ապա տուփերի մեջ այլ դեղորայք կռնայի դնել, առանց տուփի էլ այդ դեղերի վրա գրված է ամեն բան»,- ասաց Էքերյանը։

Նշենք, որ մենք պաշտոնական պարզաբանման համար դիմել ենք նաև Պետական Եկամուտների կոմիտե, և թեման պահում ենք ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից