Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիայի նոր վարչապետը ցանկություն է հայտնել հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

analitik.am

 

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիխիդե Սուգան ցանկություն է հայտնել իր առաջին հեռախոսազրույցն անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին․ բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական NHK հանրային հեռուստատեսությանը:

Սուգան վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 16-ին: Այդ օրվանից նա հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի ղեկավարների հետ: Հինգշաբթի օրը Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, առանց ամսաթիվ նշելու, ասել է, որ Ճապոնիայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների հարցը համաձայնեցվում է:

Ակնկալվում է, որ Սուգան կհաստատի Ճապոնիայի մտադրությունը ՝ հավատարիմ մնալ իր նախորդ Սինձո Աբեի դիրքորոշմանը և զարգացնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև շարունակել բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ: Տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը շարունակելու երկու երկրների մտադրությունները հաստատվել են Պուտինի հետ Աբեի վերջին հեռախոսազրույցում, երբ նա դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։

 

Նույն շարքից