Տնտեսություն 

Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով կարող եք աջակցել մեր հաղթանակին. ՊԵԿ նախագահի ուղերձը

analitik.am

 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին:

Վստահաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կանգնած են Ազատ Արցախի թիկունքին:

Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց և մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու և խաղաղություն պարտադրելու համար:

Այսօր հայ ազգը միասնական է առավել քան երբևէ և ցանկացած հայ պետք է գիտակցի իր կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը:

Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին:

Հիշե՛ք, որ հարկային իրավախախտման ամեն մի դեպքով պետական բյուջե չի մուտքագրվում որոշակի գումարի հարկ:

Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին:

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»:

 

Նույն շարքից