Գլխավոր Քաղաքականություն 

Բարի երեկոյի փոխարեն՝ հաղթելու ենք․ Արցախի ԱԺ նախագահը խնդրանք հղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

analitik.am

Ո՞նց կարող է երեկոն բարի լինել, երբ հենց այս պահին մի հայ զինվոր կարող է վիրավորվել կամ անմահանալ։ Հետևաբար, բարի երեկոյի փոխարեն՝ հաղթելու ենք։ Այսպես ողջունեց լրագրողներին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Այսօր Արցախի հանրապետության Ազգային Ժողովում չկան հին ու նոր կուսակցություններ։ Այսօր Արցախի ԱԺ-ում կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը»,- ասաց Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահը շեշտեց ընթացող պատերազմում Թուրքիայի մասնակցության փաստը և հավաստիացրեց, որ մեր բանակն արդեն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է արդեն այն տեղափոխել թշնամու տարածք և մարտի ելքը վճռել այնտեղ։ Անդրադառնալով միջազգային անդրադարձին՝ Արթուր Թովմասյանն ասաց, որ Թուրքիան հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնված են անգործության և ինքը լուծելու է այդ հարցը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարակշռված են հանդես եկել։ Թուրքիան լիիրավ աջակցում է Ադրբեջանին, Իրանը չեզոք դիրքում է և ամեն ինչ է անելու, որպեսզի հրադադարը կայանա։ Ադրբեջանը երբեք բանակցություններ մեզ հետ չի վարել, մեզ հետ միշտ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստացել»,- ասաց Թովմասյանը։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի սանձազերծած այս պատերազմը ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու»։

Թովմասյանը կոչ արեց ադրբեջանի ժողովրդին ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ընտրել և Արցախը պատրաստ կլինի բանակցել։ Բանակցությունների հարցերի շրջանակը, ԱԺ նախագահի խոսքով, վերաբերում է ոչ թե Երևանին, այլ Բաքվին և Ստեփանակերտին։ Խնդրանք հղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ոչ միայն վերականգնվի Բուդապեշտյան սամմիթը՝որպես հակամարտող կողմ Արցախի մասնակցությունը բանակցություններին, այլ հաշվի առնել այն փաստը, ու Արցախի Հանրապետության իշխանությունները որպես պատերազմող կողմ մասնակցեն բանակցություններին։

Նույն շարքից