Քաղաքականություն 

Հայտնի ֆեյքն իմքայլական պատգամավոր Արփի Դավոյա՞նն է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ի հայտարարություններին, որ ներքաղաքական որեւէ օրակարգ այս պահին առաջ չեն բերելու, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»:

Զոհրաբյանն ասում է՝ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», ով իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին, որոնցից մեկի հետ կապված՝ պատերազմի ավարտին, ինքը պարզաբանում կտա՝ ձայնագրությունների մասով։

«Ես եւ ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետեւ այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է»։

Նրա կարծիքով՝ խնդիր է դրված իրեն հավասարակշռությունից հանել, բայց չի ստացվելու. «Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների եւ տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը եւ շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»: Իսկ նշված գրառումը հայտնվեց ԵԽԽՎ պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի հայտարարությունից հետո, երբ իշխանություններին կոչ արեցին՝ դադարեցնել իր հանդեպ տեղեկատվական տեռորը:

«Այս գրառումով իշխանություններն ասում են, որ մենք թքել ենք ի պաշտպանություն ձեզ ևրոպական բոլոր նախաձեռնությունների վրա․․․ մենք շարունակելու ենք չարձագանքել նման հայտարարություններին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից