Հասարակություն 

Ինչու պետք չէ վերացնել ՀՀ-ԱՀ ռոմինգը. Հերմինե Գրիգորյան

analitik.am

 

Ինչու պետք չէ վերացնել ՀՀ-ԱՀ ռոմինգը

Ընկերներ ջան,

Հասկանում եմ, որ անհանգիստ եք, ցանկանում եք Արցախում գտնվող ձեր հարազատների հետ կապվելու ավելի էժան, հեշտ ու արագ միջոց ունենալ։ Ես էլ։ Եղբայրս իր ընկերների հետ գնացել է առաջնագիծ ու վերջին անգամ դեռ Ստեփանակերտում էին, երբ խոսել եմ հետը, որևէ լուր չունեմ, չգիտեմ՝ կենդանի են դեռ, թե արդեն ոչ։

Բայց ես չեմ ուզում ռոմինգն անջատեն, որովհետև պատկերացնում եմ դրա տեխնիկական հետևանքները։

Շատ չմանրանամ, թե ինչու այս պահին ռոմինգը վերացնել հնարավոր չէ, միջազգային ինչ բարդ հարցեր կան և այլն։

Ենթադրենք, որ այդ հարցերը չկան, և 5 րոպեից հնարավոր է ռոմինգը վերացնել․

Բջջային կայաններն ունեն սահմանափակ հնարավորություն և, որպես կանոն, մեծ դժվարությամբ ու ծանրաբեռնվածությամբ են բջջային կապ տրամադրում սեփական բաժանորդներից բացի այլ բաժանորների։ Ռոմինգում մուտքային զանգի սակագին (ժողովրդական լեզվով ասած՝ վճարովի մուտքային զանգ) սահմանելու պատճառն ու նպատակը ոչ միայն ֆինանսական է, այլ նաև տեխնիկական․ որքան բարձր է ռոմինգում մուտքային զանգի սակագինը, այնքան ռոմինգում գտնվող բաժանորդները խուսափում են միջազգային անիմաստ զանգերի պատասխանել, ինչն էապես նվազեցնում է բջջային կայանների ծանրաբեռնվածությունը։ Նույն պատճառով էլ հիմնականում բարձր են լինում ռոմինգում գործող մնացած բոլոր սակագները։

Այսինքն, արտերկրից եկած բաժանորդներին սեփական կայանը տրամադրող բջջային կապը՝ հիմնվելով տարատեսակ վերլուծությունների վրա, սահմանում է այնպիսի սակագին, որը կզսպի արտերկրի բաժանորդների բջջային կապի օգտագործումը, կպահպանի կայանների միջինացված ու նախատեսված ծանրաբեռնվածությունը և կկանխի կապի հնարավոր խափանումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հանրապետությունում բաժանորդների քանակը քիչ է՝ Ղարաբաղ Տելեկոմի ֆինանսական ռեսուրսները ևս էապես սուղ են։ Ֆինանսական սուղ ռեսուրսների պատճառով էլ Ղարաբաղ Տելեկոմի համար նոր կայաններ կառուցելը լուրջ խնդիր է հանդիսանում, քանի որ դրանց նախագծումը տևում է շատ երկար և կապված է շատ մեծ ծախսերի հետ։ Ղարաբաղ Տելեկոմը չունի բավարար ֆինանսական հնարավորություններ, որպեսզի կառուցի այնքան կայաններ, որոնք, բացի Արցախի բնակչությունից, կկարողանան սպասարկել նաև ամբողջ հայ ազգի զանգերը ՀՀ-ից և սփյուռքից։ Այս նույն սուղ հնարավորություններով են նաև պայմանավորված Ղարաբաղ Տելեկոմի ծառայությունների անմարդկային բարձր թվացող սակագները։ Ղարաբաղ Տելեկոմի բաժանորների քանակը բավարար չէ ցածր սակագներ սահմանելու համար․ ցածր սակագներ սահմանելու դեպքում Ղարաբաղ Տելեկոմը չի ստանա այնքան եկամուտ, որպեսզի կարողանա աշխատավարձ վճարել, տեխնիկապես սպասարկել իր իսկ մատուցած կապի ծառայությունները և դեռ մի բան էլ՝ շահույթ ունենալ։

Իսկ եթե, զուտ հիպոթետիկ, վերացվում է ռոմինգ հասկացությունը ՀՀ-ի և ԱՀ-ի միջև, ապա ու՞մ կայաններին պիտի միանան ՀՀ-ի օպերատորների բջջային համարները, որպեսզի կապ ունենան՝ գործեն։

Չէ՞ որ կայանները քիչ են, բոլորը Ղարաբաղ Տելեկոմինն են և հնարավորություն չունեն ՀՀ օպերատորների բաժանորդներին լիարժեք սպասարկելու։ Այդ պարագայում ՀՀ երեք օպերատորները պետք է նոր կայաններ կառուցեն, դա էլ, ինչպես արդեն նշեցի, ժամանակատար ու ծախսատար աշխատանք է։

Իսկ հիմա պատերազմ է, մեր երեք օպերատոները չեն կարող հրետակոծության պայմաններում կայանների նախագծում ու կառուցում ձեռնարկել։

Նույնիսկ, եթե կարողանան (նորից հիպոթետիկ), ապա արդյո՞ք այդ կայանները կգործեն խաղաղ պայմաններում։ Չէ՞ որ Արցախում կապի ծանրաբեռնվածություն լինում է միայն ռազմական բախումների ժամանակ, երբ ՀՀ-ից ու սփյուռքից հայերի մեծ ներհոսք է լինում։ Արդյո՞ք խաղաղ ժամանակ Արցախում այնքան բաժանորդներ կլինեն, բջջային կապի այնպիսի սպառում կլինի, որպեսզի արդարացված լինի կայանների նախագծման և կառուցման վրա ծախսված այդքան ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները։

Պատասխանն այս պահին միանշանակ է՝ ռոմինգի վերացումն այս պահին որևէ լավ բանի չի բերի։ Կսկսեն անհամբեր ու անհանգիստ մարդկանց անդադար երկկողմանի զանգերը, անխնա ինտերնետ օգտագործումը, և Ղարաբաղ Տելեկոմի քիչ քանակով կայանները (որոնք ռոմինգով իրենց միացած ՀՀ-ի օպերատոների բաժանորդներին արդեն իսկ շատ-շատ մեծ դժվարությամբ են սպասարկում, հրետակոծության հետևանքով էլ հոսանքի անջատումների և տատանումների պատճառով ստաբիլ խնդիր ունեն) պարզապես չեն դիմանա այդ ծանրաբեռնվածությանը և «կտրաքեն»։

Եկեք ուղղակի զինվենք համբերությամբ, սպասենք, փորձենք հնարավորինս քիչ զանգեր կատարել դեպի Արցախ և աշխատենք խնդիրներ չստեղծել մեր երկու պետությունների համար։ Ղարաբաղ Տելեկոմն այս պահին մեր երկու պետություններն իրար կապող միակ միջոցն է և մենք պետք է աչքի լույսի պես այն խնայենք։

Փակենք այս թեման։

Հերմինե Գրիգորյան

 

Նույն շարքից