Քաղաքականություն 

Որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար. Կոսաչով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Вместе-РФ»-ին տված հարցազրույցում  Կոսաչովը ասել է,  որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների:

«Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու  միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից», - ասել է Կոսաչովը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը համաձայն են, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Նա հայտարարել է, որ որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար:

Բացի այդ, խորհրդարանականը կարևորել է արտաքին դերակատարների դերը `միևնույն ժամանակ շեշտելով, որ նրանք չպետք է փորձեն  զարգացնել այդ հակամարտությունը իրենց սեփական շահերից ելնելով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

 

 

Նույն շարքից