Հասարակություն Միջազգային 

Թուրքիայի կողմից վարձկաններին Ադրբեջան ուղղորդելու հարցը լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը, ինչպես նաև վարձկանների ուղղորդումն Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևելագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին օրը, երբ սկսվեցին սահմանային գործողությունները, արաբական տեղեկատվական տիրույթում դեռ զիջում էինք: Արաբական տիրույթում դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Հաջորդ օրվանից սկսած Թուրքիայի ներգրավվածությունը, վարձկանների ուղղորդումը Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: Ինչը տրամադրություններ է ստեղծում հենց արաբական հանրույթում: Նրա խոսքով, նկատելի է, որ թվիթերյան հարթակում հակաթուրքական ու պրոթուրքական դիրքորոշումներ ունեցող օգտատերերի միջև բավական լայն բանավեճ կա:

«Վարձկանների թեման արաբական տիրույթում սկզբում մեկ աղբյուրից էր շրջանառվում, սակայն մարտերի շարունակականությունն իրենց կողմից բերեց նոր զոհերի և բազմազան աղբյուրներ հայտնվեցին, որոնք փաստեցին վարձկանների առկայությունը: Եվ արդեն կարող ենք հստակ ասել, որ նման վարձկաններ կան՝ անունով, ազգանունով, նկարներով, բնակության վայրերով նշված են աղբյուրներում: Հյուսիսային Սիրիայի շրջաններից  բերված տարբեր ծայրահեղական խմբեր են, որոնք փորձառություն են անցել Լիբիայում: Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նրանց առաջխաղացումը մեր զինված ուժերը հաջողությամբ կասեցնում են»,-ասաց Հայկ Քոչարյանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից վարձկանների ուղղորդումն Ադրբեջան կասկածի տակ չի դրվում, և դա ազդում է ընդհանուր դիսկուրսի փոփոխության վրա:

Հայկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի ակտիվ աշխատել, իր անվտանգային շահերը տեղ հասցնելու համար: Նա նկատեց, որ այս օրերին դա շատ լավ արվում է: Տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագետներով գրեթե բոլոր առաջատար արաբական մամուլով ելույթ ունեցավ, ներկայացրեց հայկական տեսակետը: Այս ընթացքում թվիթերյան տիրույթում հայկական տեսակետն ավելի հասկանալի է դառնում:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից