Հասարակություն 

Թիկունքը` մշակույթ. մշակութային օջախները` ի նպաստ առաջնագծի

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունները, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, թատրոնները և թանգարանները նույնպես հանդես են եկել աջակցության նախաձեռնություններով։

Աշխատանքներն առավել արդյունավետ ու համակարգված իրականացնելու նպատակով Արցախի հայրենակիցների համար նախատեսված աջակցությունը կենտրոնացվել է մի քանի հաստատությունում, մասնավորապես Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Նկարիչների միությունում:

Մի խումբ ուսանողների և կամավորների ջանքերով տեսակավորվելուց ու փաթեթավորվելուց հետո անհրաժեշտ պարագաները ուղարկվել են սահման։ «Մենք մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ ենք փաթեթավորել յուրաքանչյուր արկղ` այդպիսով գոնե ինչ-որ կերպ աջակցելով մեզ պաշտպանող մեր եղբայրներին»,-ասում են ուսանողները:

Հայաստանի նկարիչների միությունից տեղեկացնում են, որ բացի թատերաերաժշտական կազմակերպություններից, քաղաքացիները ևս տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ քնապարկեր, մարտկոցներ, լապտերներ, ջուր, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, սնունդ, դեղորայք և այլն:

Ազգային պատկերասրահը, տնօրենի խոսքով, նախաձեռնությունն իրականացնում է փոքր-ինչ այլ ձևաչափով, այն է` սննդի ու իրերի փոխարեն հավաքագրում են գումար, որով ձեռք են բերում անհրաժեշտ պարագաներ` համաձայն Պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածության:

Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում, ցանկացողները կարող են միանալ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից