Հասարակություն 

Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ:

Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:

Պաշտպանը այցելել է վիրավոր լրագրողներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր և այժմ գտնվում է հրատապ վիրահատության ընթացքում:

Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:

Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների թիրախավորումը և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործություններին:

Պաշտպանը դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Բավ է հանցավոր լռությամբ կամ քաղաքական անհիմն փաստարկներով խուսափել սեփական պատասխանատվությունից Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:
Խիստ անընդունելի է, երբ միջազգային կազմակերպություններն աչք են փակում նման պատերազմական հանցագործությունների առջև՝ քողարկվելով քաղաքական անհիմն փաստարկների ետևում, առավել ևս, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն որևէ տարածքի կարգավիճակից: Մարդու իրավունքները զիջման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից