Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանում ամերիկյան ագենտուրան անգամ պատերազմի ժամանակ հակառուսական քարոզչություն է իրականացնում

analitik.am

Արցախա-ադրբեջանական շփման գծում արդեն 8-րդ օրն է պատերազմը շարունակվում է, թեժ մարտերը շփման գծում ոչ միայն չեն դադարում, այլ գնալով ավելի են սաստկանում։

Ուշագրավ է, որ ներհայաստանյան որոշ շրջանակներ գոնե վիրտուալ տիրույթում հակառակորդին դիմակայեն, զբաղված են հակառուսական քարոզչությամբ։ Այդ գործընթացն իրականացվում և համակարգվում է Հայաստանում ամերիկյան ագենտուրայի կողմից՝ ի դեմս «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչների։

Հակառուսական քարոզչության մեկնարկը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով իր ՖԲ էջում գրեց, թե «Ղարաբաղում Պուտինին կապուտ են արել»։ Նշենք, որ Խառատյանն այս օրերին շարունակում է գտնվել ԱՄՆ-ում։

Սորոսական Արթուր Սաքունցն էլ ուղիղ տեքստով ՌԴ-ին մեղադրեց պատերազմ հրահրելու մեջ։ Սորոսական «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանն էլ գրել է, թե պատերազմից հետո մաքրելու են մեջքից հարվածող «5-րդ շարասյանը, որոնք խաղաղապահների տեղակայման մասին են խոսում» և այսպես շարունակ։

Հերթական հակառուսական գրառումն արել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը, ով գրել է, թե պատերազմը սանձազերծել են Ռուսաստանն ու Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով։ Խմբավորման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն էլ գրել է, թե պետք է դուրս գալ «Կրեմլի ստեղծած մահացու գոտուց»։ Նույն խմբավորման անդամ Սյուզան Սիմոնյանն էլ վրդովվել է Սոլովյովի հայանպաստ հայտարարությունից, դրանում դավադրություններ փնտրել, նրան էլ անվանել «տականք» ։ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները տարածում են նաև Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս նախկին զինծառայող Պերմյակովի լուսանկարները՝ հակաքարոզչություն անելով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավոր սցենարի դեմ։

Վերոնշյալ խմբերը շրջանառում են այն թեզը, թե Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կոտրեց ՌԴ-ի՝ տարածաշրջանում կարևոր գործոն լինելը և «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» միֆը։

Նշենք, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որից Հայաստանը ստանում է զենք հենց գործարանային գներով, ՌԴ-ն հանդիսանում է Հայաստան ներմուծվող զենքի գրեթե միակ խոշորագույն մատակարարն, ինչպես նաև պատերազմի օրերին Ռուսաստանը միակ երկիրն է, որից Հայաստանը կարող է զենք ստանալ, ինչը, որոշ տեղեկությունների համաձայն, մեկնարկել է։ Թե ում շահերն է սպասարկում Հայաստանում գործող ամերիկյան ագենտուրան՝ հարվածելով մեր ռազմավարական դաշնակցին, հետևությունը թողնում ենք ընթերցողին։

Ուշագրավ մեկ այլ փաստ ևս՝ այս օրերին սոցցանցերում մերձիշխանական օգտատերերը կազմակերպված հարձակումներ են գործում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը քննադատող օգտատերերի վրա, նրանց վրա հրավիրում  ԱԱԾ ուշադրությունն՝ «անուշադրության» մատնելով սորոսական ագենտուրայի կողմից տարվող հակառուսական քարոզչության վտանգավոր դրսևորումները։

Ի դեպ, պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր  Ռուսաստանն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ընդունեց և հաստատեց այն փաստը, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ է գործուղել Ադրբեջան, որոնք կռվում են հայկական բանակի դեմ։ Ավելի ուշ ՌԴ-ի հայտնած դիրքորոշմանը միացավ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նշենք, որ այս ընթացքում ԱՄՆ-ն ցուցաբերել է ոչ միայն չեզոքություն, այլ այդ երկրի փոխնախագահ Մայք Պոմպեոն հայտարարել է, թե իրենք Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձականներ ուղարկելու մասին փաստեր չունեն, մինչդեռ ամբողջ մամուլը հեղեղված է նման փաստերով։ ԱՄՆ դաշնակից Իսրայելն էլ  շարունակում է զինել Ադրբեջանին և արդեն բազմիցս ապացուցվել է, որ պատերազմական այս օրերին Իսրայելից բազմաթիվ օդային թռիչքներով զենք է մատակարարվել Ադրբեջանին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին հայտարարեց, թե իրենք ընդունում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն», իսկ ամերիկյան պրոյեկտ Միխաիլ Սաակաշվիլին էլ հայտարարեց, թե Արցախն , իբր, Ադրբեջան է։

Հայաստանի «արևմտամետ» գործիչները հետևողականորեն անտեսում են այս փաստը՝ թիրախավորելով հայ-ռուսական հարաբերությունները։

Նույն շարքից